ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սոֆիայի կենտրոնում անցկացվել է ժառանգության հարցերի վերաբերյալ կլոր սեղան առցանց-քննարկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ հուլիսի 6-ին տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգությունը քաղաքում» խորագրով միջազգային կլոր սեղան առցանց-քննարկում։ Միջոցառման կազմկոմիտեն մասնակցության էր հրավիրել ոլորտի 17 փորձագետների. Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի գիտությունների ակադեմիաների, Բուլղարիայի նոր համալսարանի, Անգլիայի Քովենթրի համալասարանի, Միլանի և Կիպրոսի համալսարանների, Բուլղարիայի Բալկանյան հետազոտությունների ինստիտուտի, Պլովդիվի, Ռուսսեի և Սլիվենի թանգարանների գիտաշխատողների և ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային փորձագետների։ Հայաստանից «Կենսունակ ժառանգությունը Հայաստանի քաղաքային միջավայրերում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը։ Այս հաղորդման հիմնական թեման Հայաստանի մշակութային քաղաքականության շրջանակում երեք խոշոր քաղաքների՝ Երևանի, Գյումրիի և Գորիսի կենսունակ ժառանգության ներկայացումն էր, որի պահպանությունը տեղի է ունենում ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ներքին օրինաչափությունների, այլև պետական քաղաքականությամբ նախանշված ծրագրային առաջարկների իրականացման և միջոցառումների կազմակերպման միջոցով։ Նշենք, որ Սոֆիայի կենտրոնին անդամակցում են 16 երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինիան, Խորվաթիան, Սերբիան, Ալբանիան, Սլովենիան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Մոլդովան։ Հայաստանի Հանրապետությունը Սոֆիայի կենտրոնի հետ համագործակցում է 2013 թ.՝ մասնակցելով կենտրոնի կազմակերպած ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համաժողովներին, փորձագետների հանդիպումներին, ցուցահանդեսներին և մրցույթներին։

Comments are closed.