ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրեց առաջին Զատկական փառատոնը Հայաստանում։ Փառատոնի ընթացքում հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին նշելով Սուրբ Զատիկը։
Փառատոնին ելույթ ունեցան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երևանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի մասնաճյուղերի սաները, «Արևային Զանգակներ» խումբը և Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Արդվին» ազգագրական համույթը։ Փառատոնի ընթացքում գործում էր նաև ցուցահանդես-վաճառք՝ երեխաների զատկական աշխատանքներով։ Ներկայացված էին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների աշխատանքները։ Հանրությունը հնարավորություն ստացավ միանալու վարպետության դասերին։
«Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման համար, ինչպես նաև խոցելի խմբերի երեխաներին ինտեգրել մշակութային կյանք: Փառատոնի աջակիցներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ֆորմիկա Արտ» ընկերությունը: