«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը» (Կոմիտաս):
Բարձր Հայքում բնակվող կարնեցու ինքնությունը ձևավորող առանձնահատկությունները՝ տեղի ազգաբնակչության պատմությունը, հավատալիքները, տեղանքի աշխարհագրությունը, գաղտնագրված են տարածաշրջանին հատուկ պարերում: «Կաքավագիր» ակումբն իր «Պարահեն ինքնություն» նախագծի շրջանակում հանձն է առել Կարնո շրջանի համապարփակ ուսումնասիրությամբ ներկայացնել պարի բնորոշիչ դերը ազգային բնութագրի, ինքնաճանաչման և տարածաշրջանային առանձնահատկությունների ընդգծման մեջ:
Հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Պարահեն ինքնություն» դասախոսությունը և բաց դասը։ Կծանոթանաք Բարձր Հայքի Կարնո շրջանի բազմակողմանի ուսումնասիրությանը և Կարնո պարերին ու պարերգերին, նաև կբացահայտեք, թե ինչպես է կարնեցի հայի ինքնությունն արտահայտվել իր պարերում և պարերգերում:
Միջոցառման ընթացքում կլինի ուսումնասիրությունն ամփոփող գրքույկի շնորհանդեսը և կհրապարակվեն Կարնո պարերի կաքավագրերը, որոնք գրառվել են շարժումների գրառման` 1940-ականներին Սրբուհի Լիսիցյանի ստեղծած համակարգով: