 
            
                Ս․թ․ հոկտեմբերի 5-7-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 5-րդ գլոբալ հանդիպումը, որին մասնակցել են ավելի քան 500 պատվիրակ 100-ից ավելի երկրներից և կազմակերպություններից։ 
Եռօրյա հանդիպման շրջանակում Հայաստանը մասնակցել է նաև ազգային մշակույթը ցուցադրող տաղավարով, որը ներկայացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի հետ համատեղ։ 
Թանգարանի աշխատակիցները «Արար» ծրագրի սաների հետ միասին ԱԱԲԹ-ի հանդիպման մասնակիցներին և այցելուներին ծանոթացրել են ժողովրդական արվեստի ճյուղերին, մասնավորապես հայկական գորգի արարման պատմությանը՝ տեղում հնարավորություն ընձեռելով մասնակցել գորգի ստեղծման գործընթացին։ 
Թանգարանը շնորհակալություն է հայտնում ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանին և թանգարանի բարեկամ Հրազդան Թոքմաջյանին՝ ազգային մշակութային տաղավարի ձևավորմանն աջակցելու և ցուցանմուշներ տրամադրելու համար։
 
            
                     
            
                    