Հայոց լեզու
Նախագրային շրջան` Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի այն ճյուղերից է, որոնք ներկայացված են մեկական լեզվով, ինչպես օրինակ` հունարենը, ալբաներենը, և չունեն շատ մոտ ցեղակիցներ: “Հնդեվրոպական” անվանումը պայմանական է, քանի որ մեզ հայտնի չեն Հնդկաստանից մինչև Եվրոպա սփռված ցեղակից լեզուներով խոսող ժողովուրդների նախնիների իրական ցեղանունները:
Հնդեվրոպական լեզվաընդհանրության շրջանը, երբ որոշակի մի տարածքում մարդիկ խոսել են տվյալ լեզվի տարբեր բարբառներով (լեզվի բացարձակ ընդհանրության շրջան չի լինում), համարվում է մ.թ.ա. 5-4 հազարամյակները: Սկզբում առանձնացել են բարբառախմբերը, և, ինչպես ենթադրվում է, եղել է հայ-հույն-հնդիրանական լեզվական սերտ շփումների շրջան: Այդ բարբառները, աստիճանաբար միմյանցից հեռանալով, վերածվել են ինքնուրույն լեզուների: Նախահայերենը, ըստ հնդեվրոպաբանների, վերջնականապես ձևավորվել է մոտավորապես հինգ հազար տարի առաջ` մ.թ.ա. 3-րդ հազարամյակում:
Հնդեվրոպական նախահայրենիքի վերաբերյալ տարբեր կարծիքներ են եղել: Սակայն գիտնականները ավելի ու ավելի համոզիչ փաստեր են գտնում` հօգուտ Առաջավոր Ասիան հնդեվրոպական նախահայրենիք դիտելու վարկածի: Այսպիսի մոտեցմամբ` հայերը գրեթե տեղաշարժեր չեն ունեցել, այսինքն` բնիկներ են:
Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում` Հայկական Տավրոսի, Եփրատ գետի և Սև ծովի միջև, մ.թ.ա. 14-13-րդ դարերի խեթական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Հայասա (ḫai-aša) անունով երկիր, սակայն չեն հանդիպում այդ տարածքը զբաղեցնող ժողովրդի և նրա մայրենի լեզվի վերաբերյալ տեղեկություններ: Եթե նկատի ունենանք, որ -ասա-ն խեթերեն տեղանվանական ածանց (-aša) է, ապա բառի արմատն է հայ (ḫai-), որից կարելի է եզրակացնել` այդ երկրի բնիկները հայեր էին և խոսում էին հայերեն: Այս վարկածը հաստատող փաստեր կարող ենք համարել Հայասայի որոշ տեղանունների հայերեն արմատներով կազմված լինելը, ինչպես` Ազի (< ազ- “չոր”), Ծուպանի (< ծոպ // ծուպ “երիզ, եզր”), Արծիա (< արծ-աթ), Արիպսա (< առ-ափս) և այլն: Ավելացնենք նաև, որ Հայասա երկրի որոշ դիցանուններ և անձնանուններ նույնպես ունեն հայերեն ստուգաբանությոններ:
Հայերենը շփումներ է ունեցել Առաջավոր Ասիայի` մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակների հնագույն ոչ հնդեվրոպական լեզուների` շումերերենի, աքադերենի, խուռիերենի հետ, որոնցից կատարել է անմիջական և միջնորդավորված փոխառություններ:
Հնդեվրոպական լեզվաընդհանրության շրջանից հետո շարունակվել են հայերենի և հարևան հնդեվրոպական լեզուների` խեթալուվական, իրանական, հնդկական և այլն փոխադարձ կապերը, որոնց ապացույցն է հայերենում դրանցից կատարված փոխառությունների առկայությունը: Հայերենը ունի նաև կովկասյան և քարթվելական լեզուներից կատարած հնագույն փոխառություններ: Պատմական իրադարձությունների բերումով ամենաերկարատևը հայ-իրանական շփումներն են եղել, հետևաբար` հայոց լեզվում գերակշռում են իրանական փոխառությունները, որոնք վաղուց հայերենի հիմնական բառապաշարի մասն են կազմում: Ի դեպ, նշված լեզուները նույնպես ունեն հաերենից կատարած փոխառություններ:
Գիտնականները հաճախ են անդրադառնում հայերենի և ուրարտերենի առնչակցություններին: Ուրարատերենը` որպես հարևան ժողովրդի ոչ հնդեվրոպական լեզու, հայերենի հետ առնչվել է, պետք է ենթադրել, նախքան ուրարտական արշավանքները Հայկական լեռնաշխարհ: Հայաստանի նվաճումով և Վանի թագավորության (Բիայնիլի կամ Ուրարտու) ստեղծումով` մ.թ.ա. 9-6-րդ դարեր, հայերենի և ուրարտերենի փոխազդեցությունները մեծանում են: Ուրարտերենով գրված սակավաթիվ սեպագիր արձանագրությունների վերծանմամբ հնարավոր է եղել բացահայտել երկու լեզուների` միմյանցից կատարած փոխառությունները, փոխադարձ ազդեցությունները հնչյունաբանության և քերականության մակարդակներում: Ցավոք, հայերենի և ուրարտերենի հնչյունական համապատասխանությունների օրինաչափությունների չիմացության հետևանքով, հայերեն որոշ տեղանուններ, ինչպես օրինակ` Վան, Երևան, Գեղար(ր)քունի(ք) և այլն, երբեմն սխալմամբ բխեցվում են ուրարտական բառաձևերից` Bia(i)nili, Er(e)buni, Ueliku-Նi: Մինչդեռ հայերեն հիշյալ տեղանունները ծագումով ավելի հին են, այսինքն` նրանք գոյություն են ունեցել ուրարտական արշավանքներից էլ շատ առաջ:
Գրային շրջան` Հայերը հնագույն ժամանակներից, ինչպես պարզվում է, օգտվել են գրավոր հաղորդակցման միջոցներից: Հայկական լեռնաշխարհում մինչ օրս շարունակաբար հայտնաբերվում են ժայռապատկերներ և նշանագրեր, որոնց վերծանումները առայժմ շոշափելի արդյունքների չեն հանգեցնում: 5-րդ դարից առաջ հայերեն գրերի գոյության մասին պատմական տվյալներ չկան: Սակայն հայտնի է, որ դեռևս մ.թ.ա. առաջին դարում հայերը թատրոն են ունեցել, որտեղ ոչ միայն հույն ողբերգակների, այլև սեփական հեղինակների թատերերգություններն են բեմադրել: Հեթանոսական մեհյաններում, որոնք ժամանակին Հայաստանի քաղաքակրթության կենտրոններն են եղել, ուսումնասիրել են դիցաբանություն, աստղագիտություն, տոմարագիտություն, երկրագործություն և այլն: Մեր պատմիչների երկերում, սակայն, բազմիցս նշվում է, որ 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո նոր հավատքի տարածումը ուղեկցվում էր հեթանոսական տաճարների կործանմամբ և մեհենական մատյանները, այսինքն` հին գրականությունը, կրակի մատնելով: Իսկ “Նոր կտակարանը” քարոզվում էր հունարեն և ասորերեն բնագրերով:
Հայաստանում նոր հավատքը` քրիստոնեությունը, բնակչության մեջ արմատավորելու հիմնական խոչընդոտը մայրենի լեզվով Աստվածաշնչի բացակայությունն էր: Բացի այդ, 387 թվականին Հայաստանը բաժանվել էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, որով կորցրել էր ոչ միայն պետական անկախությունը, այլև ազգային միասնականությունը: Վտանգված էր ազգի գոյությունն ընդհանրապես: Այս իրավիճակում առաջնային խնդիր դարձավ սեփական գիր և գրականություն ունենալը, որը կնպաստեր երկատված հայ ժողովրդի միավորմանը:
Այդ ժամանակ Սահակ կաթողիկոսին հայոց գրերի ստեղծման համար իր պատրաստակամությունն է հայտնում փայլուն կրթություն ստացած, մի քանի լեզուների տիրապետող կրոնավոր Մեսրոպ Մաշտոցը: Կաթողիկոսի ու հայոց թագավոր Վռամշապուհի հովանավորությամբ Մեսրոպը մեկնում է արտասահման` այլ ժողովուրդների գրի մշակույթը ուսումնասիրելու նպատակով: Նա, տարիներ շարունակ հետազոտելով տարբեր լեզուների հնչյունական և գրանշանային համակարգերը, ձեռք է բերում տվյալ բնագավառին անհրաժեշտ լուրջ գիտելիքներ: Եվ, վերջապես, 406 թ. հայոց այբուբենով ու Աստվածաշնչի Առակաց գրքի խորհրդանշական նախադասության առաջին հայերեն գրությամբ` “Ճանաչել զիմաստութիւն եվ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”, վերադառնում է Վաղարշապատ: Ողջ Հայոց Աշխարհում` արևելյան ու արևմտյան, սկսում են հիմնվել նոր դպրոցներ, որոնցում կրթությունը տարվում է հայերենով` հայերեն տառերով: Գործը կազմակերպում ու ղեկավարում է Մեսրոպ Մաշտոցը: Եվ այսպես, Մաշտոցյան գրերը արդեն 1600 տարուց ավելի ծառայում են հայ ժողովրդին:
Նոր այբուբենով սկիզբ դրվեց հայերեն մատենագրության, որի լեզուն առայսօր զարմացնում է ի սկզբանե իր կարգավորվածությամբ ու հարուստ բառապաշարով: Այս փաստը ենթադրել է տալիս, որ գրաբարը, ինչպես կոչում են այն, գրավոր խոսքում գործառել և մշակվել է դեռ 4-5-րդ դարերից էլ առաջ: Այդ գրական լեզուն ձևավորվել է հայերենի կենտրոնական (Այրարատյան և Տուրուբերան նահանգների) բարբառների հենքի վրա: 5-րդ դարի գրաբարը` իր քերականության մշակվածությամբ ու բառապաշարի ճոխությամբ, կոչում են դասական կամ ոսկեդարյա:
Ակնհայտ է, որ գրաբարը գրի առման ժամանակ ողջ պատմական Հայաստանի միակ խոսակցական լեզուն չի եղել, քանի որ հայերենն արդեն ուներ բազմաթիվ բարբառներ, որոնցով խոսում էին տարբեր նահանգների բնակիչները: Ամենայն հավանականությամբ գրաբարը անցել է տևական մշակման (բանավոր կամ գրավոր) մի շրջան: Դա է վկայում մեր հին մատենագրությամբ վկայված նախագրաբարյան ժողովրդական բանահյուսության պատառիկների լեզվի քննությունը: Գրաբարը, իր խոսակցական տարբերակով հանդերձ, 4-րդ դարի վերջերին ու 5-րդ դարի սկզբներին արդեն գործառում էր որպես արքունիքի, կրոնական, ֆեոդալական վերնախավի հաղորդակցման լեզու:
Թվում է` նոր ստեղծված գրական լեզուն պետք է անընդհատ մշակվեր, քերականական ձևերի զուգաձևությունները միօրինակացվեին, բայց 6-րդ դարից սկսած` մատենագրության մեջ ավելի ու ավելի շատ են հանդիպում գրաբարի կանոնները խախտող` խոսակցական լեզվից թափանցող երևույթներ: Ուրեմն` այն, անգամ որոշակի խավերի համար, վաղ է սկսել հեռանալ բանավոր հաղորդակցման միջոց լինելուց: Սակայն դարերի ընթացքում զանազան հեղինակներ աշխատել են պահպանել գրաբարի կամ հին հայերենի հիմնական քերականական կառուցվածքը, բառապաշարը:
Այնուամենայնիվ, ողջ հայությանը գրաբարը, որ բառացի նշանակում է “գրային, գրավոր”, որպես հիմնական գրական լեզու է ծառայել մինչև 19-րդ դարի կեսերը: Գրաբարով են ուսուցանել դպրանոցներում, քարոզել եկեղեցիներում (նաև մինչ այսօր), կազմել պաշտոնական գրություններ, գրել գիտական ուսումնասիրություններ, գեղարվեստական երկեր և այլն: 5-րդ դարից սկսած` գրաբարով են գրվել Մովսես Խորենացու “Հայոց պատմություն”, Անանիա Շիրակացու “Աշխարհացույց”, Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության” և այլ մեծարժեք գործեր, անգամ` 18-րդ դարի հեղինակ Միքայել Չամչյանի հսկայածավալ “Հայոց պատմությունը”:
Ժամանակի ընթացքում բանավոր խոսքում ոչ գործածական դարձած լեզուն` գրաբարը, լիարժեքորեն չէր կարող ծառայել որպես համընդհանուր գրական լեզու: Այն ամեն գնով իր մաքրությամբ պահպանելու ձգտումին (հատկապես կրոնավորների) զուգահեռ տարերայնորեն առաջանում է գրական լեզուն ժողովրդին ավելի հասկանալի դարձնելու միտում: 10-րդ դարից սկսած` հայ մատենագրության լեզուն` գիտական թե գեղարվեստական, աստճանաբար իր մեջ ներառում է ամենատարբեր բարբառային թափանցումներ: Հայերենի գրական և խոսակցական տարբերակների մերձեցման գործընթացը ավելի ծավալուն բնույթ է կրում Կիլիկյան Հայաստանում:
11-րդ դարում Հայաստանը, ենթարկվելով սելջուկյան կործանարար արշավանքներին, ոչ միայն կորցնում է պետականությունը, այլև ծայր են առնում բնակչության զանգվածային արտագաղթեր: Զգալի թվով հայեր բնակություն են հաստատում հարևան երկրում` Կիլիկիայում, որն արդեն ուներ հայաբնակ տարածքներ: Տեղի հայ ֆեոդալները, ավելի զորանալով, 1080 թվականին կարողանում են Բյուզանդիայից հետ խլել Կիլիկիայի հատկապես լեռնային շրջանները և հիմնել հայկական պետություն, որը հարատևում է մոտ 300 տարի: Այստեղ տնտեսությանը համընթաց բուռն կերպով զարգանում է նաև հայ մշակույթը: Գրավոր խոսքում, ժողովրդին հասկանալի լինելու պահանջով, ավելի անկաշկանդ են օգտագործվում տեղի բարբառային տարրերը: Աստիճանաբար որոշ չափով կանոնարկվում է այդ նոր գրական տարբերակը` դառնալով ոչ միայն գիտական-գեղարվեստական գրականության, այլև պաշտոնական գրագրությունների, հետևաբար` Կիլիկյան Հայաստանի պաշտոնական գրական լեզու: Այն գոյատևում է մինչև այդ պետության կործանումը` 14-րդ դարը: Այդ նույն դարերում անկախությունը կորցրած Հայաստանի նահանգներում նույնպես գրվում են, թեպետ ոչ կիլիկյան առաջընթացի չափով, տարբեր բնույթի երկեր` տվյալ վայրի բարբառային տարրերի ներառմամբ` գրաբարից բավական հեռացած լեզվով:
Այսպիսով` 12-16-րդ դարերի հայերեն գրված երկերի, պաշտոնական փաստաթղթերի լեզուն ընդունված է անվանել միջին հայերեն: Այն այդպես է կոչվում, որովհետև կապող օղակ է հին` գրաբար և ժամանակակից գրական հայերենների միջև:
Հայաստանի մասնատվածության, տարբեր ցեղերի ու ազգերի` միմյանց հաջորդող ասպատակությունների հետևանքով տնտեսության քայքայման շրջանում ավելորդ է խոսել մշակույթի, գիր ու գրականության առաջընթացի մասին: Նման պայմաններում միջին հայերենը, բնականաբար, չէր կարող ապրել մշակման և զարգացման մի նոր փուլ: Այսուհանդերձ, միջին հայերենով են գրվել գեղարվեստական (Ներսես Շնորհալի, Քուչակ, Ֆրիկ, Նաղաշ Հովնաթան), բժշկական (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի) և այսօր էլ իրենց արդիականությունը չկորցրած բարձրարժեք շատ այլ երկեր:
Միջին հայերենը նույնպես բավական հեռացել էր հայերենի խոսակցական տարբերակներից: Ազգի մտավորականությունը դեռևս 18-րդ դարից բարձրացնում էր ողջ հայությանը միավորող, բոլորի համար ընկալելի նոր գրական լեզվի ընդունման հարցը: Այն հասունանում և արդեն իր լուծումն է պահանջում 19-րդ դարի կեսերին: Սակայն Հայաստանն այդ ժամանակ բաժանված էր երկու պետությունների` Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև, որի հետևանքով մեկ միասնական գրական լեզու ստեղծելու հնարավորությունը բացառված էր: Հատկապես կրոնական վերնախավը գտնում էր, որ գրաբարը, շարունակելով մնալ ուսւցման լեզու և, ի տարբերություն “ռամկականի”, այսինքն` աշխարհաբարի, լինելով կանոնարկված, պետք է նորից համընդհանուր գրական լեզվի կարգավիճակ ստանա: Բայց Հայաստանի և՛ արևելյան, և՛ արևմտյան հատվածների առաջադեմ մտավորականությունը առաջնահերթ խնդիր էր համարում ժողովրդին հասկանալի գրական լեզվի ստեղծումը: Տեսակետների այս բախումը հայերենագիտության մեջ հայտնի է գրապայքար անունով: Արևլահայաստանում այդ պայքարի առաջամարտիկներն էին Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Միքայել Նալբանդյանը և այլոք, իսկ Արևմտյան Հայաստանում` Գաբրիել Այվազյանը, Արսեն Այտընյանը և արևմտահայ շատ գրողներ: Հաղթանակում է, իհարկե, աշխարհաբարը` աշխարհիկ լեզուն, գրականի աստիճանի բարձրացնելու գաղափարը, որին նպաստում է նաև Եվրոպայում և Ռուսաստանում նույն գործընթացն անցած նոր գրական լեզուների ստեղծման օրինակը:
Ժաննա Միքայելյան,
ԳԱԱ լեզվի ինստիտուտ