«Լավաշի-կախարդանքը»-փառատոնն-արժևորել-է-հայկական-լավաշի-պատրաստումը

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

«Լավաշի-կախարդանքը»-փառատոնն-արժևորել-է-հայկական-լավաշի-պատրաստումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին:

Փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:

Փառատոնին տեղի է ունեցել լավաշի թեմայով ստեղծված կտավների բացօթյա ցուցահանդեսի և գյումրեցի նկարիչ Լևոն Առաքելյանի հեղինակային պատ-գեղանկարի (սթրիտ-արտ) բացումը: 2023 թ. Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատ-գեղանկարի միջոցով պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև հիմնադրամի հետ համագործակցած մյուս գեղանկարիչների
աշխատանքները՝ Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից և Այնթափից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արվեստագետների գործեր:

Այս տարի փառատոնին, բացի Արևիկ գյուղից, մասնակցում էին նաև Հայկավան, Հացիկ, Կարմրաքար, Բաշգյուղ համայնքների բնակիչները, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին տեղական լավաշն ու բոքոնը, իրենց արտադրած գյուղական բարիքները, համեղ ուտեստներն ու քաղցրավենիքները: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երկու տաղավարով ներկայացված էին արցախյան խոհանոցը և արհեստագործությունը:

Փառատոնի համերգային մասում ելույթ են ունեցել նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդը, որն արդեն սիրված է գյումրեցիների, հատկապես երիտասարդների կողմից և Ախուրյանի «Մարինա» պարային համույթը, որը նաև փառատոնի մասնակիցների համար պարի ուսուցում է անցկացրել: «Վառեմ-մարեմ» արվեստանոցն իր հերթին վարպետության դաս է անցկացրել՝ հնարավորություն տալով Գյումրիի խորհրդանիշ դռների ձևավորումով հուշանվերներ պատրաստել:

«Լավաշի կախարդանքը» փառատոնն ուղղված է ոչ միայն հայկական լավաշի և այն պատրաստող կին հացթուխների
փառաբանմանը, այլև համայնքի աշխուժացմանը, երիտասարդների ներգրավվմանը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում և համայնքի կայուն զարգացման խթանմանը:

ՀՈԴՎԱԾԻ ՖՈՏՈ

Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացումը

ՀՈԴՎԱԾԻ ՖՈՏՈ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը, որը հուլիսի 20-21-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացնում էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը:

Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և միջազգային վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ժողովրդական արհեստներն ու արվեստը մեր ինքնության ու մշակույթի կարևոր արժեքներից են, որոնց պահպանումն ու զարգացումն օրվա խնդիր են:

«Վստահ եմ՝ նմանօրինակ փառատոների օգնությամբ կարող ենք տեսանելի դարձնել ժողովրդական արհեստները, որոնք մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում, և որոնց միջոցով կարողանում ենք տեսնել թե՛ արժեքների, թե՛ աշխատանքի կարևոր շերտ: Սա նաև մեր ավանդույթները նորովի ներկայացնելու մասին է, ինչը ևս շատ կարևոր է:
Արհեստներն առաջին հերթին աշխատանք են, իսկ մենք ամեն կերպ խրախուսում ենք աշխատանքը, կրթությունը և կարևորում, որ ժողովրդական արհեստներն ունենան շարունակություն: Ընդ որում՝ ժամանակակից աշխարհում դրանք հետաքրքիր ձևեր են ընդունում՝ դառնալով իսկապես արվեստի ստեղծագործություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել փառատոնին մասնակցող բոլոր վարպետներին համագործակցության և կատարած
անգնահատելի աշխատանքի մասին։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Արհեստների հաջորդ փառատոնն անցկացվելու է այս աշնանը Վայոց ձորի մարզում: Նախարարն ուրախությամբ փաստել է՝ աստիճանաբար մեծանում է նաև միջազգային վարպետների մասնակցությունը մեր երկրում անցկացվող փառատոնին: Մասնավորապես, այս տարի փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ Սերբիայից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրինությանը՝ կարևոր գործունեության համար և կարևորել թանգարանի դիլիջանյան մասնաճյուղի շուտափույթ վերաբացումը: Դիլիջան այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ, որտեղ պետական ֆինանսավորմամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը հույս է հայտնել՝ Արհեստների միջազգային փառատոնը մոտ ապագայում կդառնա Հայաստանի այցեքարտերից մեկն ու նաև սիրված միջոցառում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի վարպետների համար:

Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում ներկայացվել են արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն։

Փառատոնին մասնակցում էին շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գյումրեցի դարբինների մասնակցությունը փառատոնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիի դարբնության ավանդույթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Առանձին տաղավարներով ներկայացել են ոչ նյութական մշակութային ժառանգություն հանրահռչակող Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։

Արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-17։00-ին,երևանյան ԼՈՖԹ-ում տեղի կունենա արցախցի մեր հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք․ ձեռագործ խաղալիքներ, պայուսակներ եւ գործավածքներ, զարդեր եւ աքսեսուարներ, արցախյան խոհանոցի յուրահատուկ ուտեստներ եւ չրային վեգան կոնֆետներ։ Ցուցահանդես- վաճառքի ընթացքում՝ ժամը 14:00-ին, նախատեսված է մուլտֆիլմի ցուցադրություն մեծ էկրանին (հայերեն հնչունավորմամբ), ինչպես մասնակիցների, այնպես էլ այցելուների երեխաների համար (անվճար): Հասցե՝ Մոսկովյան 3։ Մուտքն ազատ է։ Իրադարձությունը չունի տարիքային սահմանափակում։ Տոնավաճառն իրագործվում է ԼՈՖԹ ՀԿ-ի և ՀՀ Կառավարության համատեղ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագրի շրջանակում։

Արևիկ-գյուղում-տեղի-կունենա-«Լավաշի-կախարդանքը»-փառատոնը

Արևիկ գյուղում տեղի կունենա «Լավաշի կախարդանքը» փառատոնը

Արևիկ-գյուղում-տեղի-կունենա-«Լավաշի-կախարդանքը»-փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը հուլիսի 21-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կանցկացնի «Լավաշի կախարդանքը» փառատոնը:

«Լավաշի կախարդանքը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին: Այս տարի փառատոնը նվիրվում է հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան տարբեր մշակութային միջոցառումներ՝ լավաշի թեմայով բեմականացում և գեղանկարների ցուցահանդես, պատ-գեղանկարի (սթրիթ արտ) ստեղծում, կարպետագործության և ուլունքագործության վարպետաց դասեր, Գյումրու հուշանվեր-դռների պատրաստում, երեխաների համար՝ կավճանկարչություն և երաժշտություն՝ նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ:

Գյուղական մթերքներով լի տաղավարները կներկայացնեն ոչ միայն Արևիկ, այլև հարակից գյուղերը՝ Շիրակի մարզի Հայկավան, Հացիկ, Փոքրաշեն, Կարմրաքար, Բաշգյուղ: Տեղի կունենա լավաշի և այլ ուտեստների համտես, կներկայացվի նաև արցախյան խոհանոցը։

Փառատոնի հիմնական նպատակը Արևիկ համայնքի լավաշի թխման ավանդույթի վերարժևորումն ու հանրահռչակումն է, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և իրազեկման միջոցով համայնքային կյանքի աշխուժացումը, գաստրո, էթնո և էկո զբոսաշրջության զարգացման խթանումը:

Նշենք, որ փառատոնի առանցքում և՛ գյուղը, և՛ փառաբանման առարկան՝ լավաշը, պատահական չեն ընտրվել: Արևիկը դեռևս խորհրդային տարիներից հռչակված է եղել հացթուխներով և կարմրահատ ցորենից թխվող լավաշով, ուստի փառատոնի հիմնական ուղերձը թոնրում ավանդական եղանակով թխվող լավաշ հացի փառաբանումն է: 2023 թվականին պատ-գեղանկարի միջոցով Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։

Նախորդ տարվա փառատոնին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=NohxmzdTo-A ։

Արհեստների-2-րդ-միջազգային-փառատոնը-կանցկացվի-Դիլիջանում

Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դիլիջանում

Արհեստների-2-րդ-միջազգային-փառատոնը-կանցկացվի-Դիլիջանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 20-21-ը Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, հասարակության մասնակցայնության բարձրացմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը։

Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում կներկայացվեն արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն։

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։ Առանձին տաղավարներով կներկայանան ոչ նյութական մշակութային ժառանգություն հանրահռչակող Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի
երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության
ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Ելույթ կունենան պարի խմբեր և լարախաղացներ, կիրականացվեն ծրագրեր երեխաների համար, մասնավորապես Տերյան մշակութային կենտրոնը հանդես կգա հայկական տարազների ցուցադրությամբ։ Նախատեսվում են նաև ստվերների թատրոնի ներկայացում, դասախոսություններ, ֆիլմի դիտում՝ նվիրված մշակութային ժառանգության ոլորտում ներդրում ունեցած գործիչներին, ինչպես նաև ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես։

Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։

Գորգագործության դասընթացներ երեխաների համար

Գորգագործության դասընթացներ երեխաների համար

Գորգագործության դասընթացներ երեխաների համար

Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի փոքրիկ գորգագործների 2023-2024թթ․ խումբն ավարտեց իր դասընթացները, և հուլիսի 13-ին կայացավ երեխաների ստեղծագործ գորգերի ծնունդը։ Հիմնադրամը լիահույս է, որ այս փոքրիկ գորգերը կմնան դասընթացի մասնակիցների համար դեպի ավանդական ժառանգությանը տանող ուղեցույց։ Հիմնադրամում երեխաների համար անցկացվող անվճար գորգագործության դասընթացները շարունակվում են։ Դասընթացները հիմնադրամում գործում են 2014 թվականից և եթե ցանկանում եք աջակցել, կարող եք գնել սաների կողմից հյուսված գորգերը՝ անցնելով հղումով https://folkartshub.com/hy/join-us ։

Ամփոփվել-է-«Ափդեյթ-4.-երգվող-երգեր»-ծրագիրը

Ամփոփվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը

Ամփոփվել-է-«Ափդեյթ-4.-երգվող-երգեր»-ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը, որն ամփոփվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում համերգային շրջագայությամբ:

«Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագրի շրջանակում երաժիշտ մասնագետի խորհրդատվությամբ մշակվել են և տեղացի երաժիշտների ու «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ ձայնագրվել են ժողովրդական երգեր՝ հանրայնացնելով տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ժողովրդական երգերը:

Ծրագրի նպատակն էր կենսունակություն հաղորդել Սևանի ավազանի համայնքներում վերջին 3 տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում գրանցված երգերին՝ ապահովելով ոչ միայն տեղական երգային բանահյուսության պահպանությունը, այլև փոխանցումն ու տարածումը։ Ծրագիրն իրականացրել է «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը:

Վարդավառը Ջրվեժում

Վարդավառը Ջրվեժում

Վարդավառը Ջրվեժում

Համեցեք Ջրվեժ համայնքում իրականացվող ավանդական պարի ամենամսյա բաց դասին։ Այս անգամ միայն պարուսուցում չէ, նաև ավանդական Վարդավառի տոնախմբություն է։ Վարդավառը միայն ջրոցին չէ, այն պարունակում է շատ գեղեցիկ, բայց արդեն մոռացված ծիսակատարություններ։ Պատրաստելու եք տոնի ծիսական տիկնիկ, քայլելով շրջելու եք տնից տուն, Խնդում (ծիսական ծառ) եք պատրաստելու, պարեցնեք և իրար ջրեք` անձրև ու առատություն ստանալու ակնկալիքով ։ Եթե ուզում եք դառնալ ավանդական Վարդավառի մասնակից, վերցրեք ձեր դույլերը և միացեք։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5–ին, ժամը 17:00-ին։ Վայրը` Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածք։ Օրվա հյուր` Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ավանդական երգի-պարի համույթ։ Կազմակերպիչներ` Ջրվեժի համայնքապետարան և Անանենց Արվեստանոց։

Պանրխաշի փառատոն Գյումրիում

Պանրխաշի փառատոն Գյումրիում

Պանրխաշի փառատոն Գյումրիում

Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ հուիսի 20-ին Գյումրիում անցկացվելու է Պանրխաշի փառատոն։

Փառատոնին մասնակցել կարող են Գյումրիում սննդի ծառայություն մատուցող կազմակերպությունները: Հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 12-ը ներառյալ:

Առավել մանրամասն տեղեկության և հարցերի համար կարող եք զանգահարել. 031222236, 098978958։

Ամփոփվել-է-արցախցիների-համար-կազմակերպված-«Կրթիր՝-կրթողին»-խորագրով-ծրագիրը

Ամփոփվել է արցախցիների համար կազմակերպված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրը

Ամփոփվել-է-արցախցիների-համար-կազմակերպված-«Կրթիր՝-կրթողին»-խորագրով-ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան մշակութային կենտրոնում» կազմակերպված ցուցադրությամբ: Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներին՝ տիրապետելով թաղիքագործության, ասեղնագործության, կավագործության գիտելիքներին և հմտություններին: Արդյունքում՝ մասնակիցները սովորել են ասեղնագործության տարբեր տեսակներ, թաղիքագործության և կավագործության տեխնիկայի հմտություններ՝ պատրաստելով դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր նմուշներ՝ հագուստի աքսեսուարներ, զարդեր, խեցեղեն իրեր, հուշանվերներ և այլն:

Ծրագրի նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նոր մասնագիտությունների ձեռքբերմանը, սեփական արտադրանք ունենալու հնարավորության, համագործակցային կապեր հաստատելու հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Նրանք էլ իրենց հերթին շարունակական աջակցություն կցուցաբերեն մյուս արցախցիներին: