Ասեղնագործության վարպետ Էնկարնիտա Բերրիոն Ժողովրդական արվեստների թանգարանում

Ասեղնագործության վարպետ Էնկարնիտա Բերրիոն Ժողովրդական արվեստների թանգարանում

Իսպանացի դիզայներ, ասեղնագործության վարպետ Էնկարնիտա Բերրիոն Հայաստանում է։ Արհեստների միջազգային 4-րդ փառատոնին մասնակցությունից հետո նա հունիսի 23-ին և 24-ին հանդես կգա նաև Ժողովրդական արվեստների թանգարանում՝ ներկայացնելով Անդալուզիայի ասեղնագործ հարսանեկան քողեր և անցկացնելով վարպետության դաս։

Հասցե՝ Երևան, Աբովյան 64։

ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությունը Արհեստների միջազգային 4-րդ փառատոնին

ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությունը Արհեստների միջազգային 4-րդ փառատոնին

«Երիտասարդները ստեղծում են համը. խոհարարություն և արհեստներ» այս խորագրի ներքո է անցկացվում Արհեստների միջազգային 4-րդ փառատոնը, ինչը հուշում է, որ այս տարի փառատոնի ուշադրության կենտրոնում են երիտասարդները՝ որպես մշակութային ժառանգությունը պահպանողներ։ 

Մասնագիտական կրթության և ուսուցման հետևյալ հաստատությունները մասնակցում են փառատոնին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ, Ալավերդու պետական քոլեջ, Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ, Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան, Արարատի պետական քոլեջ։

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև խոհարարական մրցույթ։

«7 Քար» բակային խաղերի փառատոն

«7 Քար» բակային խաղերի փառատոն

«7 Քար» բակային խաղերի փառատոն 2025-ը տեղի կունենա հունիսի 21-ին՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում։ Ի՞նչ է սպասվում բակային խաղեր բոլորի համար, ԳյուղՄարկետ, որտեղ ներկայացված կլինեն տարբեր կազմակերպություններ՝ իրենց նախաձեռնություններով ու արտադրանքով, տատիկների հետ ժամանց «Խաբուխազ» ակումբում, նարդի ու շախմատ պապիկների հետ, ազգային պարեր ու երգեր`Մասունք ավանդական երգի-պարի խմբի, Նավակատիք կրթամշակութային կենտրոնի, Մենք ազգային պարի խմբի և Հրայրք ավանդական պարի խմբի մասնակցությամբ։

Միջոցառումն իրականացվում է «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ LEAD4Shirak ծրագրի և Արթիկի համայնքապետարանի աջակցությամբ։

«Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» փառատոն

«Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» փառատոն

Հունիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենա «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային-խոհանոցային փառատոնի բացումը։ Ի՞նչ է սպասվում հայկական և ազգային փոքրամասնությունների ավանդական ուտեստներ, արհեստ և արվեստ, ավանդական և ժամանակակից երաժշտություն, երգեր և պարեր, ժամանցային խաղեր և մրցույթներ։ Մասնագիտական հանձնաժողովը կգնահատի ներկայացված ուտեստները, իսկ օրվա ավարտին կհայտարարվեն հաղթողները։

Երկրորդ օրը՝ հունիսի 15-ին, Երևանում տեղի կունենա բիզնես ֆորում և գիտաժողով, որին կմասնակցեն պաշտոնատար անձինք, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, ձեռնարկատերեր, մշակութային գործիչներ, գիտնականներ և ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ:

«Վիշապագորգ․ ծագումնաբանություն և խորհրդաբանություն» բանախոսություն

«Վիշապագորգ․ ծագումնաբանություն և խորհրդաբանություն» բանախոսություն

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայ ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի ունեցավ «Վիշապագորգ ծագումնաբանություն և խորհրդաբանություն» խորագրով բանախոսություն բանախոս՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյան։

Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուի համալրում

Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուի համալրում

Ժողովրդական արվեստների թանգարանը հայտարարում է թանգարանի հավաքածուի համալրում։

Առաջնահերթություն է տրվում հետևյալ մշակութային արժեքներին. գորգերի տեսակներ, ասեղնագործության նմուշներ, արձանագիր կենցաղային իրեր, խեցեգործության նմուշներ, երաժշտական գործիքներ, տարազի տարբեր շրջանների նմուշներ, հին կահույքի մասեր, արծաթյա հին զարդեր և գոտիներ, ինչպես նաև Թանգարանի հետ կապված անձանց (Հովհաննես Շարամբեյան, Հաբեթնակ Բաբայան և այլք) հետ կապված անձնական իրեր և ստեղծագործություններ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.փոստին:

Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկայի գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդես

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդես

Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ներկայացնող գրքի շնորհանդեսը։

Գիրքը  տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ։

Գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև՝ հայ գաղթօջախներում ստեղծված գորգեր։

Հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, հարավարևելյան Կովկասի գորգագործական հայաշատ կենտրոնների, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, Ուրմիա լճի ավազանի, ինչպես նաև՝ հարավարևելյան Պարսկաստանի գորգագործական հայաշատ կենտրոնների գորգեր։

«Տոներն Ախալցխայում» ծրագիր

«Տոներն Ախալցխայում» ծրագիր

«Տոներն Ախալցխայում» ծրագիր

Մայիսի 27-ին «Տոներն Ախալցխայում» ծրագրի շրջանակում «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ ծրագրում ներգրավված կամավորների համար։ «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը ողջունեց կամավորներին ծրագրում ներգրավվելու նրանց պատրաստակամության համար և ներկայացրեց ծրագրի կարևորությունը ոչ միայն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման,  այլև ներգրավված մասնակիցներին գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձ փոխանցելու, արժեքային համակարգի ձևավորման տեանկյունից։ Ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը ներկայացրեց դաշտային հետազոտություններ իրականացնելու մեթոդաբանությունը, մեթոդները, հետազոտական էթիկայի հիմնական մոտեցումները, դաշտային այցելությունների, հարցազրույցների, տվյալների մշակման, պատմությունների հավաքագրման ու ներկայացման ձևերը։ Նա մանրամասն բացատրեց նաև մշակված հարցաշարի կառուցվածքը և կիրառման առանձնահատկությունները։ Ն. Սիրականյանը ներկայացրեց նաև ծրագրի իրականացման փուլերը, հերթական գործողությունները և արդյունքների ամփոփման ու ներկայացման ձևաչափը։ Վերլուծվեց նաև նախորդ տարիների ծրագրերի իրականացման ընթացքում բանահավաքներին հանդիպած խնդիրները և դրանց հաղթահարմանը միտված լուծումները։ Ծրագրի համակարգող Մարինե Այվազյանը ներկայացրեց առաջիկա աշխատանքների ժամանակացույցը, թիմային աշխատանքի մոդելները և կամավորների միջև արդյունավետ հաղորդակցության միջոցները։ Սեմինարին տեղացի կամավորները մասնակցեցին առցանց ձևաչափով։

Ծրագիրը կօգնի ներգրավված կամավորներին դառնալ մշակութային ժառանգության փոխանցողներ՝ նպաստելով նրանց քննադատական մտածողության, հաղորդակցության, ինչպես նաև մեդիագրագիտության զարգացմանը։

Հիշեցնենք, որ «Տոներն Ախալցխայում» ծրագիրն իրականացվում է  «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Շաթալ գուլպա գործելու ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հադրութցիների մշակույթում

Շաթալ գուլպա գործելու ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հադրութցիների մշակույթում

Գուլպան հայկական ավանդական տարազի պարտադիր մաս հանդիսացող ագանելիքի տարր է։ Ավանդական նախշազարդ գուլպաներ գործել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Նախշազարդ այս գուլպան պատկանում է կանանց կարճ ճտքով գուլպաների տիպին: 20-րդ դարում և 21-րդ դարասկզբին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի հայ կանայք շարունակել են գործել նախշազարդ գուլպայի շաթալ տարբերակը, որի անվանումը հավանաբար կապվում է այն գործելու տեխնիկայի հետ: Այն հայտնի էր նաև այլ անվանումներով՝ «հիլի գյուլբա»-հայելի բառից, երբ գուլպայի երեսին հայելու նման ուղղանկյունաձև շերտ է գործվել, «մըչավոր-քթավեր»՝ նախշուն, շաթալ զարդանախշերով նախշազարդվել է ինչպես գուլպայի քիթը՝ թաթը, այնպես էլ՝ կրունկը։
Այս գուլպան ուներ գործելու առանձնահատուկ տեխնիկա և բարդ զարդանախշեր, ինչի արդյունքում այն շատ բարձր էր գնահատվում։ Արժեքավոր նվեր էր համարվում՝ ներառվելով հարսին ուղարկվող նվերների և օժիտի մեջ։ Մինչև ամուսնանալը աղջիկները սովորել և գործել են նման գուլպաներ՝ օժիտի մեջ դնելու և ամուսնու ընտանիքի անդամներին նվիրաբերելու համար։ Այն հիմնականում կիրառվել է տոնական, հանդիսավոր պահերին, ուստի գեղազարդվել է բավական բարդ նախշազարդերով։ Տարազի մաս հանդիսացող այս գուլպան Հադրութում գործում են թաթից՝ սկսելով երկու շյուղով: Թաթը հարդարվել է կենաց ծառի պատկերներով: Գործվածքը ստացվել է հավասարաչափ և նուրբ։ Ի տարբերություն մյուս գուլպաների, որոնք մաշվելիս կարելի էր քանդել և նորից գործել, այս գուլպաները ավելի ամուր էին, քանի որ գործվում էին թաթից։ Ավանդական կենցաղում գուլպան գործել են իլիկով մանած բրդյա թելերից, շյուղերով և հելունով: Թելերը ավանդաբար ներկում էին պղնձե կաթսաներում՝ բնական ներկանյութերով՝ սոխի կճեպով, տորոնի արմատներով, կանաչ ընկույզի կեղևով, ծիծեռնախոտով և այլ բույսերով։ Խորհրդային շրջանում ներկում էին գործարանային արտադրության քիմիական ներկերով, իսկ ներկայում գնում են պատրաստի գունավոր բրդյա թելեր։ Լեռնային Ղարաբաղի հայերի գուլպա գործելու ավանդույթի մասին հիշատակություններ կան տարբեր ուսումնասիրություններում։ Սյունիք-Արցախ տարազախմբի նկարագրություններին վերաբերող նյութերում հաճախ է ներկայացվում նախշազարդ գուլպան։ Նշվում է, որ կանայք գուլպա գործել են նստած, քայլելիս, զրուցելիս, ինչը վկայում է զարգացած հմտության մասին։ Մի շարք ազգագրագետներ հայկական տարազի զարդամոտիվներին նվիրված իրենց ուսումնասիրություններում անդրադարձել են գուլպայի զարդանախշերի և գույների խորհրդին, գործելու տեխնիկային և տարածման շրջաններին (Ա. Ստեփանյան, Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը (ծիսային, գունային և նշանային համակարգերը), Հայ ազգագրություն և բանահյուսություն, պրակ 22, Երևան, 2007 թ., Ն. Ավագյան «Հայկական ժողովրդական տարազը», Երևան, 1983 թ. և «Հայկական գուլպաներն ու սռնապանները և նրանց զարդանախշերը», Պատմաբանասիրական հանդես, 1967 թ., թիվ 4, էջ 250-257): Ազգագրագետ Ս. Պողոսյանը «Արցախի կանանց ավանդական տարազի գեղազարդման առանձնահատկություններ» խորագրով հոդվածում (Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, թիվ 1, 2022 թ., էջ 341) անդրադարձել է շաթալ գուլպային՝ նշելով, որ Զանգեզուրում և Լեռնային Ղարաբաղում դրանք հարդարվել են կեռազարդ և Տ-աձև զարդանախշերով։ Կանանց գուլպաները կարճաճիտք էին՝ լայն շերտ և նեղ գծանախշերով։ Երկարաճիտք գուլպաներ կրել են տղամարդիկ։ Թաթի տակ և երեսին գործել են սպիտակ քառանկյուն նախշ։ Հաճախ գուլպայի երեսի կողմից գործվել են կտուց կտցի երկու թռչնակ և ծաղկանախշ։ Գուլպայի երեսի նախշը ստորինից անջատելու համար կատարվել է ասեղնագործ ճյուղակար։ Գուլպայի երեսին չորս կողմը նախշազարդ շրջանակ է արվել։ Երբեմն կրունկի և թաթի մասերը հարդարվել են թռչնանախշերով, իսկ շրջանակը զարդարվել է հավերժանախշով։ Գուլպայի վերնամասը հարդարվել է շեղ և ոլորուն նախշերով։ Թաթի ծաղկանախշը եզրագործվել է ասեղնակարով։ Մի տարբերակում սպիտակ շրջանակի փոխարեն գործել են հյուսեր, իսկ թռչնանախշերը ասեղնագործվել են ծաղկանախշերով։ Նման շաթալ գուլպաները գործվել են շյուղերով և հելունով։ Եղել են բրդյա, բամբակի թելերից, այծի մազից, մետաքսաթելից (շերամի թելից)՝ «կազի գուլպա» անվամբ։ Կիրառված նախշանկարները հայտնի էին «շաթալ», «ծտեր», «իրեքպտանե», «օխտըպտանե» անուններով։ 

Համբարձման տոնը Սոլակում

Համբարձման տոնը Սոլակում

Համբարձումը շատ մոտ ա,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր ճամփեքը քարոտ ա,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն․․․
Հնուց ի վեր Համբարձումը նշվել է բնության գրկում՝ տարատեսակ խաղիկներով, երգերով, վիճակով և այլ ավանդույթներով։ Այս տարի «Վարը Վարենկ»-ը հրավիրում է տոնը նշելու Սոլակում՝ մայիսի 31-ին, Սբ․ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ մասնակից կդառնաք Համբարձման տոնակատարության՝ վիճակի արարողություն, ազգային պարուսուցում, տոնին բնորոշ երգերի ուսուցում, ազգային խաղեր։