2023 թ․ օգոստոսի 23-28-ը Հունաստանի Հանրապետության Ագրինիոյի քաղաքապետարանը կազմակերպում է Ագրինիոյի ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնը։ Նշենք, որ փառատոնի կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected] Կից՝ փառատոնի մասնակցության պայմանները և հայտաձևը։
Դեկտեմբերի 13-ին ԿԵՆԱՑ ՏՈՒՆ ՀԿ-ն կազմակերպել էր տոնածառի թաղիքե (քեչա) յուրօրինակ խաղալիքների պատրաստման դասընթաց։ Խաղալիքները պատրաստելով՝ մասնակիցները ծանոթացան բրդից թաղիք ստանալու երկու եղանակներին` թաց և չոր, սովորեցին տեղական ոչխարի բրդից թաց եղանակով պատրաստել գնդիկներ, որոնք հատուկ թաղկեցնող ասեղի օգնությամբ զարդարեցին հայկական զարդանախշերով։
Ինչպիսի՞ն է եղել հայկական ավանդական Ամանորը, ի՞նչ ծեսերով է այն տոնվել. այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ, «Արև է ելել» ծրագրի Հմտարանի շրջանակներում Խաչիկի Մշակույթի տանը կայացավ Հայաստանի ժողովրդական վարպետ, թաղիքագործ, ազգագրագետ Լալա Մնեյանի հետ հանդիպումը։ Հայկական տոնածառի՝ Կենաց ծառի, ամանորյա ավանդույթների մասին բանախոսությունից հետո տիկին Մնեյանի հետ մասնակիցները ստեղծեցին ծառի իրենց տարբերակները, ինչպես նաև սովորեցին ընկույզներով խաղալիքներ պատրաստել, որոնցով կզարդարեն իրենց գալիք ամանորյա միջոցառումը։ ԱրևՆեթ համայնքի անդամ Լալա Մնեյանի հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ արդեն հայկական այլ տոների շուրջ։
Դեկտեմբերի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի հովանու ներքո բացվեց «Ասեղնագործության և մանրանկարչության զուգահեռներ» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին «Շերամիկ» ասեղնագործության դասընթացի մասնակիցների գունագեղ և նուրբ աշխատանքները: «Մաշտոց» հիմնադրամի թիմի և վարպետ-ուսուցիչների՝ Անժելա և Անահիտ Աբգարյան քույրերի համատեղ ջանքերով կազմակերպված յուրահատուկ այս դասընթացն իրականացվել է արդեն մի քանի տարի գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայում: Այն այսօր ունի երեք մանրանկարչական, մեկ գրաֆիկ դիզայնի և երկու ասեղնագործության խմբակներ, որոնց հետևում են 7-14 տարեկան շուրջ 75 մանուկներ և պատանիներ: Ասեղնակար և ասեղնանկար այս նմուշները պարզապես ձեռագործ ասեղնագործություններ չեն, այլ ներկայացնում են հայկական մանրանկարչությունն ու զարդարվեստը՝ նկարված ասեղով ու թելով: Հայկական ասեղնագործությունը, ինչպես մանրանկարչական արվեստը, ձևավորվել և զարգացում է ապրել Հայաստանի և հայաշխարհի զանազան կենտրոններում, որտեղից և շառավիղներ են ստացել ասեղնագործության բազմաթիվ դպրոցները՝ Վանի, Այնթապի, Մարաշի, Ուրֆայի, Կարնո և այլ վայրերի՝ իրենց նրբագեղ կարատեսակներով ու ժանյակներով: Պահպանելով հայկական զարդանախշերի առանձնահատկությունները՝ այս դպրոցներից յուրաքանչյուրը ստեղծել է իր ուրույն ոճը, զարդանախշերի և գույների կայուն համակարգը, որոնք հրաշալի զուգորդումներ են առաջ բերում միջնադարյան հայերեն ձեռագիր մատյանների և զարդանկարչության հետ: Ներկայացված աշխատանքները արտացոլում էին հայկական զարդանախշերի և ասեղնագործության խորհրդավոր աշխարհը։
Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը: Կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի (քրիստոնեական) պատմության, մշակույթի, հնագիտության, արվեստի, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երիտասարդ գիտնականների հետազոտությունները, նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։ Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Դրանք են՝ Նժդեհ Երանյան, Հայաստանի պատմության թանգարան, փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, «Արցախի մ.թ.ա. 3-1 ին հազարամյակի սկզբի մշակույթը՝ ըստ թանգարանային նյութերի». Հայր Աթանաս աբեղա Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռոմի պապական արևելյան ինստիտուտ, մագիստրանտ, «Քրիստոնեական ընկալումներն արցախահայ բանահյուսության մեջ». Շողակաթ Դևրիկյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ասպիրանտ, «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում». Օվսաննա Խաչատրյան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, գիտաշխատող, «Արցախում գրված ձեռագրերի հիշատակարանները՝ որպես պատմամշակութային կարևոր սկզբնաղբյուր». Աշոտ Մկրյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, աշխատակից, լեզվաբան, «Արցախի բարբառը Զմյուռնիայում. հանրալեզվաբանական քննություն»: Հետազոտական նախագծերն իրականացվելու են Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի հետ սերտ համագործակցությամբ և փորձագիտական ու գիտական խորհրդատվությամբ։ Արդյունքները գիտական զեկուցումների ու հոդվածների տեսքով ամփոփվելու են հաջորդ տարեվերջին՝ նաև Զալցբուրգի համալսարանում։ Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագրի միջոցով, որն իր շարունակությունն է ունենալու նաև 2023 թվականին: Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժինը նպատակ ունի աջակցել երիտասարդ հետազոտողներին ու նրանց ստեղծարար գիտական նախագծերը, խրախուսել հայագիտական, ինչպես և մշակութային ժառանգությանն առնչվող հետազոտությունների միջառարկայնացումն ու միջազգայնացումը, նպաստել Արցախի վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը։
«Erkanq» ընկերության (Տաթև Գրիգորյան) նախաձեռնությամբ Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը, Կոնստատինոս Զախարիադիսը այցելեցին Ժողովրդական արվեստների թանգարան։ Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի գլխավորությամբ հյուրերը ունեցան շրջայց և ծանոթացան հայկական մշակույթի բացառիկ ցուցանմուշներին։ Երեկոյի ընթացքում հյուրերը ծանոթացան հայկական հացարարմանը և մասնակցեցին ազգային ծիսական հացի` տարեհացի պատրաստմանը։ Երեկոն ավելի ջերմ և մտերմիկ դարձրին հայկական և հունական երաժշտական կատարումները։
«Ակադեմիական երաժշտական ֆոլկլորագիտության օջախը. անցած ուղին, ներկան և ապագան» Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ հանդիպում և համերգ` նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի հիմնադրման 55-ամյակին և հայ երաժշտարվեստի նվիրյալ հոբելյարներին: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: Համերգին մասնակցեցին՝ «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԿԱՐԻՆ» (գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, երգուսույց` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Անի Հակոբյան), «ՆՈւԲԱՐ» (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան), «ԾՈՎԱԿ» (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան, երգուսույց` Անուշ Բալբաբյան) ավանդական երգի-պարի խմբերը:
Ամենամսյա «Վարը Վարենկը» այս անգամ տեղի կունենա Արագածավանում, որտեղ «Տնավարի 2» միջոցառման շրջանակներում վարվորները կապահովեն ազգային ոգով լեցուն օր՝ համեմված ազգային երգ ու պարով, խաղերով ու ծեսով։ Իսկ բացի ավանդական թոնրի լավաշից, միջոցառման կազմակերպիչները յուրահատուկ հյուրասիրություն են կազմակերպել՝ տարածաշրջանին բնորոշ պանրխաշ:
Նոյեմբերի 23-ից Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է լինելու Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։ Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։