Հոկտեմբերի 20-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հայկական ժողովրդական երգերի բաց դասը, այս անգամ նվիրված Արցախ աշխարհի երգերին։ Միջոցառումը անցկացրեց երաժշտագետ Զավեն Թագակչյանի սան, արմատներով արցախցի Լուսինե Դավությանը։
Կայացավ «Գորգագործական մշակույթի ծագումնաբանությունը. փորձաքննության հիմնահարցեր» խորագրով հերթական դասախոսությունը: ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի՝ Արվեստի պատմության տեսության և մշակութաբանության ամբիոնի ուսանողները բաց և ինտերակտիվ շփման և հետաքրքիր հարցադրումների միջոցով հնարավորություն ստացան ավելի լավ պատկերացում կազմելու գորգի, դրա շուրջ հյուսվող ավանդույթների և տիպական առանձնահատկությունների մասին: Դասախոսությունն անցկացրեց Փորձագիտական կենտրոնի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանն, ով այս անգամ անդրադարձ կատարեց «Միջնադարյան Հայասանի գորգագործական ավանդույթներին, տիպաբանության և դասակարգման առանձնահատկություններին»: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են միանալ ձևավորված խմբին: Մուտքն ազատ է: Դասընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (011) 29-71-13, (011) 29-71-18:
Այնթապում հայերը զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, մետաղամշակությամբ, ոսկերչությամբ, քարգործությամբ: Հին ու տարածված արհեստ էր ոստայնանկությունը՝ հյուսվածքեղեն պատրաստելը: Այնթապը հայնտնի էր բրդյա գործվածքներով, գոտեգործությամբ: Կարպետագործությունը հասել էր արվեստի բարձրության: Այն առանձնապես աչքի էր ընկնում ասեղնագործությամբ, որը կրում էր քաղաքի անունը: Այնթապում ասեղնագործում եին սեղանի ծաղկազարդ սփռոցներ, ծածկոցներ, բարձի երեսներ, թաշկինակներ, կարովի ժանյակներ, որոնցով զարդարում էին գլխաշորերը, հագուստը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել էր «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը: Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստանի» հետ համատեղ, Հայաստանը մրցույթ-նախագծով միացել էր միջազգային այս նախաձեռնությանը։ Նախագիծն ունի երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։ «Պաշտպանելով կենսունակ ժառանգությունը» խորագրով լուսանկարչական մրցույթը տեղի ունեցավ կոնվենցիայի համակարգողների եվրոպական ցանցի (European Network of Focal Points) նախաձեռնությամբ: Լուսանկարչական մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ` https://meta.m.wikimedia.org/wiki/Wiki_Loves_Living_Heritage/European_photo_contest/Winners
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում հոկտեմբերի 7-ին անցկացվել է «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնը: Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ուղղված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի 2023 թ. դրամաշնորհային մրցույթի շրջանակում՝ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի գործընկերն էր «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը, որը հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման նպատակով մշտապես աջակցում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։ Փառատոնի ընթացքում Գյումրու «Մտորումների թատրոնը» ցուցադրել է «Կախարդական լավաշը» ներկայացումը, Գյումրու Հայորդաց տան «Գանձեր» պարի խումբը՝ «Հացթուխների պարը», Հադրութի մանկապատանեկան կենտրոնը՝ արցախցի վարպետների ձեռագործ աշխատանքները, իսկ Գյումրու Գեղագիտական կենտրոնի սաները հանդես են եկել իրենց գեղանկարչական աշխատանքներով: Փառատոնին ներկայացված էին «Երեմյան Փրոջեքթսի» «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» նախագծի ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են հայկական լավաշի տարբեր տեսակները՝ ընդգծելով հացի մշակութային արժեքն ու բազմաբնույթ դրսևորումները: Ուշագրավ էր նաև կավագործ Լևոն Հովհաննիսյանի վարպետության դասերը, «Արևիկ» մանկապարտեզի շենքի պատին գեղանկարիչ Մամիկոն Վարդերեսյանի Գ. Խանջյանի «Լեռներում» կտավի պատկերումը, որն ամբողջացել է հենց միջոցառման ընթացքում: Առանձին տաղավարներում տեղի են ունեցել նաև լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություններ ու մանկական ծրագիր: Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Օտարները, գյուղը մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք: Միջոցառման շնորհիվ արևիկցի հացթուխներն ու երիտասարդ կամավորները հնարավորություն են ունեցել վերարժևորելու գյուղը ժամանակին ապրեցնող ու շենացնող, գյուղի մշակութային խորհրդանիշ հանդիսացող լավաշ հացը:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, հավատարիմ մնալով վարպետներին աջակցելու իր առաքելությանը և հաշվի առնելով վերջին օրերին իրականացրած հարցումները, Արցախի մեր հայրենակիցների համար կանցկացնի ԱՆՎՃԱՐ դասընթացներ և վերապատրաստումներ (առանց տարիքային սահմանափակման) հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ: Դասընթացները կանցկացվեն Թանգարանի «Ինքնության դարբնոց»կրթարանի շրջանակներում: Այդ նպատակով հավաքագրվում են կամավորներ, ովքեր ոլորտի վարպետ են և կարող են դասավանդել շաբաթը 1-2 անգամ, կարող են տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ նյութեր, կարող են ծրագրին աջակցել ֆինանսապես՝ դառնալով Թանգարանի բարեկամ, պատրաստ են անցկացնել օգտակար և հետաքրքիր հանդիպումներ ծրագրի մասնակիցների համար։ Ծրագրի ողջ ընթացքում կապահովվի թափանցիկ հաշվետվություն։ Դասընթացներն ավարտած մեր հայրենակիցների աշխատանքները առանձնահատուկ տեղ կգտնեն թանգարանի հուշանվերային արտադրանքի շարքում, որոնք ձեռք բերելով՝ կնպաստեք նրանց ֆինանսական վիճակի կայունացմանը։ Գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScMZIrHjzNttYM5CICzZK61vX5mbHyatZlmptiM2cyaEoAHwA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&pli=1 :
Թումո ստուդիաները իրականացնում են բռնի տեղահանված արցախցի արհեստագործների տվյալների հավաքագրում՝ համագործակցությունների նպատակով։ Իրենց արտադրության թիմը լիարժեք դարձնելու համար փնտրում են դերձակների, հելունով կամ շյուղերով գործող անձանց, ասեղնագործության վարպետների, գորգագործների, խեցեգործների, զարդագործների, փայտի և քարի հետ աշխատող վարպետների։ Անհրաժեշտության դեպքում կիրականացնեն մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ընտրված վարպետների համար։ Պատրաստ են համագործակցել ինչպես Թումո ստուդիաներում, այնպես էլ հեռակա։
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մասնագիտական խմբի 2023 թ. սեպտեմբերի 26-ի «Արձանագրություն 1»-ի որոշմամբ Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-026» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ. հոկտեմբերի 27-ը, ժամը 12:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին։ Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին: Հեռախոս՝ 010 599 629
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։ Այս տարվա հոբելյանական տոնակատարության համար ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հազարավոր ավանդույթներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրությունը կանգ էր առել ընդամենը 6 ավանդույթի վրա, որոնց թվում էր «Քոչարի. ավանդական խմբապարը», որը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Սեպտեմբերի 15-ին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանցարանի գորգերի բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը դեռ բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը: