pntrum-e

Իմ Հայաստան ծրագիրը փնտրում է արվեստագետներ և արհեստագործ վարպետներ

Իմ Հայաստան ծրագիրը փնտրում է արվեստագետներ և արհեստագործ վարպետներ, ովքեր կներկայացնեն գաղափարներ մարզային երկու թանգարանների հուշանվերների խանութների համար։ Վերջնաժամկետ՝ փետրվարի 8․ մանրամասներն այստեղ՝ goo.gl/kJJ1cQ

 

bernini

«Բեռնինիի դպրոց.Հռոմեական բարոկկո» ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարությունը և Հայաստանի Ազգային պատկերասրահը ներկայացնում են «Բեռնինիի դպրոց.Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը: Ցուցադրությունը ներկայացնում է Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ:

«Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների վրձնած քառասուն գեղանկարների, ինչպես նաև փորագրությունների, էսքիզների, դեկորատիվ արվեստի նմուշների հետ:

Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ը:

Աղբյուրը՝ www.gallery.am

silva

Միջոցառում՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

Ս. թ. հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

 

ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝ Կոմիտասի անվան պանթեոն:

 

Ս. թ. հունվարի 22-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

http://mincult.am/

#ՍիլվաԿապուտիկյան

dubai

Հայաստանի պետական նվագախումբի համերգային արշավը Դուբայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթներ կունենա Դուբայի օպերային թատրոնում: Նվագախումբը կներկայանա «Godfather Film Concert և Harry Potter Film Concert» ծրագրերով` կատարելով վերոնշյալ կինոնկարների սիրված մեղեդիները: Նվագախմբի երկու համերգները տեղի կունենան փետրվարի 28-ին  և մարտի 1-ին։



Համերգային ծրագրերին անդրադարձել է նաև «The National» պարբերականը: «Այս տարի Դուբայի օպերային թատրոնում կցուցադրվեն երկու դասական ֆիլմեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»:

#Հայաստանիպետականսիմֆոնիկնվագախումբ

dzmerayin-cucahandes

«Ձմեռային հեքիաթ» ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործների ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և այլ նյութերից են պատրաստված տիկնիկները:

«Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որը ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը»,-նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու նաև կրթական ինտերակտիվ ծրագրի:

«Յուրաքանչյուր տարեմուտի թանգարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման»,-իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը:

Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսին մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի:

«Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը:

Աղբյուրը՝ www.yerevan.am

film

Ֆրանսիացի բլոգերի տեսանյութը Հայաստանի մասին

Tolt բլոգը, որը վարում է ֆրանսիացի կինոռեժիսոր և լուսանկարիչ Բենջամին Մարտինը, տեսանյութ է հրապարակել «Մի գնա Հայաստան» վերնագրով: Եթե մտածեցիք, որ Մարտինը չի հավանել Հայաստանը, դուք սխալվում եք: Նման վերնագիրը ընտրված է ընթերցողի ուշադրությունը հոլովակի վրա կենտրոնացնելու համար: Գրված փաստերը, թե ինչու չպետք է այցելել Հայաստան ամբողջովին հակասում են կադրերին, որի միջոցով Բենջամին Մարտինը ցույց է տվել Հայաստանի վեհությունն ու յուրօրինակությունը:

 

Տեսանյութում բլոգերը վարպետորեն ներկայացրել է Հայաստանի բնությունը, մշակութային և պատմական կոթողներն ու հուշարձանները: Նա նաև անդրադարձել է հայկական խոհանոցին` նշելով որ այն ընդհանրապես համեղ չէ, կադրերում լրիվ հակառակը նկատի ունենալով: Այլաբանորեն նաև նշել է գինեգործության մշակույթի մասին:

mi-nor-erevan

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ 2019 թվականի հունվարի 15-ին, ժամը 19:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ցուցասրահում կբացվի «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կներկայացվի Երևան քաղաքի պաստառային արվեստի պատմությունը՝ մայրաքաղաքին և դրա կյանքին նվիրված պաստառներով:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսն իրականացվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն նպատակ ունի ցուցադրելու Երևանի քաղաքային մշակույթի զարգացումը պաստառային արվեստի միջոցով՝ նախախորհրդային շրջանից մինչ մեր օրեր. երևանյան պաստառային արվեստն արձանագրել է մայրաքաղաքի մշակութային կյանքը, սոցիալական և քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչ է եղել, բարձրաձայնել է Երևանի խնդիրներն ու փորձել դրանց լուծումներ առաջարկել:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. փետրվարի 15-ը:

sasunci-d

Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը, որի նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը: 

Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: 

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում: 

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017-2018 թթ. իրագործված ծրագրերի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում և հասանելի է Android և IOS համակարգերի համար: 

2019 թ. նոր ծրագրով նախատեսվում է կատարելագործել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը՝ համալրելով «Ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, «Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծելով էպոսի թեմայով ևս մեկ խաղ՝ հավելվածը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Ավելացվելու է նաև հղումների կոճակների քանակը, ինչը զգալի դյուրացնելու է տվյալների որոնումը: 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էպոսի ճանաչողության շրջանակի ընդլայնմանը, կատարողական ավանդույթների կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված նույնանուն տարրի պահպանությանը:

tangaranayin-vacharq

Թանգարանների հուշանվերային արտադրանքի վաճառք

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններն իրենց տարաբնույթ գործունեության շրջանակում ակտիվորեն իրականացնում են հուշանվերային արտադրանքի վաճառք: Թանգարաններն առաջարկում են հուշանվերային հարուստ տեսականի, որի մեջ կարելի է գտնել յուրօրինակ և նրբագեղ նվերներ տարբեր միջոցառումների համար: Տեսականիում ընդգրկված են «թումանյանական» խաղեր, լոտոներ, «սարյանական» շարֆեր, վզկապներ, «սպենդիարյանական» բաժակներ, մոմակալներ, արվեստաբանական խաչբառներ և այլ հետաքրքիր ու յուրահատուկ նմուշներ: Ստորև ներկայացնում ենք նախարարության ենթակայության մի շարք թանգարանների կողմից առաջարկվող թանգարանի հավաքածուի հիման վրա ստեղծված հուշանվերային արտադրանքի և հրատարակչական աշխատանքների ցանկը՝

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ – սֆինքսի պատկերով սկուտեղներ, վզնոցներ, առյուծագլուխ, օձագլուխ ապարանջաններ, երկրի և հավերժության խորհրդով կախազարդեր, զինվորի, գայլի, Աֆրոդիտեի արձանիկներ, շքասեղներ, ակով մատանիներ, կախազարդեր, հատիկահյուս ականջօղեր, կրծքազարդեր, թռչունների պատկերով գունազարդ սափորներ, զույգ շղթայով թռչնի մանրաքանդակներ, հրատարակչական աշխատանքներից՝ «Հայկական տարազ», «Հայկական խեցեգործություն. Անի Դվին», «Կոչեմ ապրողաց», «Արարատի ոգին», «Շենգավիթ», «Հայկական գորգարվեստ XVIII – XX դդ» և այլն:

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ – շարֆեր, բաժակներ, կտավի վերատպություններ, գրքեր՝ «Հայկական իմպրեսինոիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ», «Հովհաննես Այվազովսկի. Արարում», «Հին Հունաստանի խեցեղեն և բրոնզ», «Հայկական քանդակագործություն», «Դիմանկարը հայկական գրաֆիկայում», «Ֆրանսիական արվեստը Հայաստանի ազգային պատկերասրահում», «Հմայակ Հակոբյան» և այլն:

«Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ – թանգարանի հավաքածուի հիման վրա տպագրված խաչբառներ, արկոլադ շոկոլադե քաղցրավենիքներ, շապիկներ, բաժակներ, պայուսակներ, մետաքսե շարֆեր, էջանիշներ, բացիկներ:

«Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ – կտավի վերատպություններ, մետաքսե շարֆեր, վզկապներ, բացիկների հավաքածու, բաժակների տակդիրներ, փազլներ, հեռախոսի պատյաններ, սկավառակներ, շոկոլադներ, կատալոգներ՝ «Լուսիկը՝ Սարյանի մուսան», «Մայրամուտից առաջ», ալբոմ՝ «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը», գրքեր՝ «Մարտիրոս Սարյան – Նամակներ, հատոր 2-րդ», «Սարյանը և Փարիզը» և այլն:

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ – դաղդղան-պահպանակ վզնոցներ, կախազարդեր, փոքր կարպետներ, նկարազարդ ամրակներ, փոքր ժանյակներ, «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան» թանգարանի նմուշների ընտրանու կատալոգ, «Գործվածքի հայտնության քառուղիները» հայկական կարպետի և ասեղնագործության նմուշների կատալոգ և այլն:

«Գրատպության թանգարան» («Ազգային գրադարան» ՊՈԱԿ) – տղամարդու և կանացի շապիկներ, տակդիրներ, բաժակներ, վզնոցներ, մեծ ու փոքր մագնիսներ, փայտե շրջանակով մանրանկարներ:

«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ – ամանորյա խաղալիքներ, փայտե գրադարակ, խաղեր՝ «Հայոց գետեր», «Չտեսնվածը», բանալի-հուշանվերներ, ձեռագործ-գիրք՝ «Ճամփորդները», Հովհաննես Թումանյանի քառյակների տուփի կրկնօրինակներ, «Ուստա Փիսո» սալիկի տպագրություն, գրքեր՝ «Արտավազդ Թումանյան. Նամականի, Ա», «Հայկական հարցն ու իր լուծումը՝ ըստ Հովհ. Թումանյանի», «Աշխեն. Հուշեր և ընտանեկան պատմություններ» և այլն:

«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ – մոմակալներ, նոթատետրեր, զարդատուփեր, ձայնասկավառակներ, պայուսակներ, փողկապներ, բաժակներ, բացիկների ժողովածու, գիրք՝ «Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը»:

«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ – գիրք-ալբոմ՝ «Անի», գրքեր՝ «Ճատրակ», Ռ. Օրբելի «Դարերի և ջրերի խորքում», առակներ, ուղեցույցներ, հուշանվեր-բացիկներ, մագնիսներ:

«Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ – աբովյանական հուշանվեր բանալու կախազարդ, օբսիդիանե պաննո, մագնիսներ, կպչուն պիտակներ, նոթատետրեր, բաժակներ, թանգարանի ուղեցույց:

«Ա. Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ – թանգարանի ուղեցույց, բացիկներ, մագնիսներ, էջանիշներ, տեղեկատու՝ «Ավետիք Իսահակյանը երաժշտության մեջ», գրքեր՝ «Ավետիք Իսահակյանը ժամանակակիցների հուշերում», Ա. Իսահակյանի «Աբու – Լալա Մահարի»:

«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ – կախիկներ, թաշկինակներ, հացաթխման պարագաներ, գրքեր՝ «Կայացման տարիներ», «Կյանքին և հավերժին արժանի», «Քարադարան», «Սյունիք», «Գորգեր և ձեռագործ», բացիկներ:

«Ե. Քոչարի թանգարան» ՊՈԱԿ – ակնոցի թաշկինակներ, մագնիսներ, բաժակներ, էջանիշներ, փազլներ, հայելիներ, պայուսակներ, մետաքսե շարֆեր, անթև բաճկոնակներ, նկարների վերատպություններ, դեկորատիվ ծաղկամաններ, նոթատետրեր, բացիկներ, բուկլետներ, գրքեր՝ «Ե. Քոչար. Ես և Դուք», «Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում», ալբոմ՝ «Երվանդ Քոչար»:

«Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ – ազդագրեր, պատկերագրքեր, շապիկներ, կերամիկական նռնաձև կժեր, նուռ-վզնոցներ, մանրակերտներ՝ «Հաղպատի աղբյուր», «Հաղպատի եկեղեցի», «Աղջկա վանք», «Սևանի եկեղեցի», «Տաթևի ճոճվող սյուն», «Կարսի Վարդանի կամուրջ», վզնոցներ, բանալի կախազարդեր, մատանիներ:

Բացի վերոնշյալ ցանկից՝ առաջիկայում նախատեսվում է համալրել թանգարանների հուշանվերային արտադրանքի տեսականին՝ ներառելով առօրյա կենցաղում կիրառական նշանակության նմուշներով՝ գաթանախշիչներ, ափսեների հավաքածու, ինքնաեռներ, վզկապներ, հեռախոսների պատյաններ, հովանոցներ և այլն:

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության հետ (հեռ.՝ 011 51 63 10):

adamyan

Յ. Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթում Դիանա Ադամյանն արժանացել է 1-ին մրցանակի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. ապրիլի 12-22-ը, Ժնևում կայացած Յ. Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային» ծրագրի անդամ Դիանա Ադամյանն արժանացել է 1-ին մրցանակի: Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր այս եռափուլ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել աշխարհի 320-ից ավել երիտասարդ կատարողներ: Նախընտրական փուլի կենդանի լսումների արդյունքում բուն մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել ընդամենը 22 ջութակահար՝ 12 երկրից: Նշենք, որ Յ. Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթը հիմնադրվել է 1983 թվականին և իրականացվում է երկու տարին մեկ անգամ, 2 տարիքային խմբերում: Դիանա Ադամյանը ավարտել է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը /դասատու՝ Պետրոս Հայկազյան/, այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսում /դասատու՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան/:

 

Դիանա Ադամյանը նախկինում արդեն հաղթել էր ռուսական «Nutcracker TV» և Պ. Չայկովսկու անվան երիտասարդ կատարողների մրցույթներում