amiryan

ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին

Ս. թ. փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Հանդիպման սկզբում նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ հայ-լիբանանյան համատեղ պատմական անցյալը երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացման կարևոր հիմք է: Այս համատեքստում, նախարարը ներկայացրել է առաջարկություններ՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի և այլ ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Լիբանանի դեսպան Մայա Դաղերը ոգևորությամբ է ընդունել երկկողմ համագործակցության շրջանակում՝ մշակութային ծրագրերի իրականացման առաջարկությունները: Իր խոսքում նա ընդգծել է. «Շատ հետաքրքիր ու գործնական առաջարկություններ են, առավել ևս, որ դրանց իրականացման համար կան կայուն հիմքեր: Մեր պատմական լավ հարաբերությունները, պետք է փորձենք ակտիվացնել նաև մշակույթի ոլորտում»:

Մայա Դաղերի հետ հանդիպմանը մշակույթի նախարարը կարևորել է, մասնավորապես՝ Բեյրութում հայ-լիբանանյան բարեկամության համատեղ թանգարանի ստեղծումը: «Այդ թանգարանը նաև յուրատեսակ շնորհակալություն կլինի հայ ժողովրդի կողմից՝ իրեն գրկաբաց ընդունելու և մինչ օրս իր գրկում պահած լիբանանցի ժողովրդին»,- ասել է Արմեն Ամիրյանը:

heqimyan

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին: Հոբելյանական միջոցառմանը կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/: Մենակատարներ` Վախթանգ Կիկաբիձե, Նանի Բրեգվաձե, Շուշան Պետրոսյան, Ռազմիկ Ամյան, Արսեն Սաֆարյան, Արթուր Իսպիրյան, Արսեն Գրիգորյան: Համերգային ծրագրի ընթացքում կոմպոզիտորի սիրված և ճանաչված ստեղծագործությունները կհնչեն նորովի:

surb-sargis

Միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի և երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին

Ս. թ. հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ին, Ա. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի և երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Միջոցառմանը կմասնակցեն Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, սպայական կազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի) ուսանողները /նախագահ Ս. Աբրամյան/: Միջոցառման նպատակն է շնորհավորել մեր հայրենիքի ապագա պաշտպաններին տոնի առթիվ, և քանի որ այս տարի երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նախորդում է հայկական բանակի տոնին, նախատեսվում է նաև սիրո տոնի խորհրդին համահունչ ծիսակատարություններ, մաղթանքներ և համերգային մաս: Ելույթ կունենա ՀԱՃՀ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը: Գեղարվեստական ղեկավար՝ գեղաշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյան:

strasburg

Ստրասբուրգում ստորագրվել է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության» կոնվենցիան

2018 թ. հունվարի 24-ին Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային ծրագիրը, որի շրջանակում կողմերը ստորագրել են «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ /վերանայված/ կոնվենցիան և մի շարք այլ փաստաթղթեր:

 Եվրոպական խորհրդի կողմից վերոգրյալ կոնվենցիան արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նախաձեռնվեց այդ կոնվենցիայի վերանայման գործընթացը, ինչի արդյունքում դյուրացվեցին մի շարք պահանաջներ: Մասնավորապես, բազմակողմանի համաարտադրության դեպքում կինոարտադրության մինիմալ անհրաժեշտ ֆինանսական արգելքն իջավ մինչև 10%, իսկ երկկողմ համաարտադրության դեպքում՝ մինչև 5%։
 

Միանալով կոնվենցիային՝ կստեղծվեն նոր հեռանկարներ հայկական ֆիլմարդյունաբերության զարգացման և եվրոպական շուկայում կայուն դիրքեր ունենալու համար:

 Կոնվենցիայի նպատակների անխափան իրագործման համար նախատեսվում է կողմ երկիր մուտք գործելու և կեցության դյուրին ընթացակարգի կիրառում, ինչպես նաև դյուրացվում է համատեղ արտադրության մասնակից մյուս կողմերի տեխնիկական և գեղարվեստական անձնակազմերի մուտք գործելը և կեցությունը, իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը:
 

Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 2017 թ. հունվարի 30-ին Ռոտերդամում: Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են Բելգիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները /ուժի մեջ է մտել 01/12/2017/, Նորվեգիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովակիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/:

nzdeh

Բուլղարիայում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը

Բուլղարիայի հյուսիս-արևելքում գտնվող Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի տուն» պատմամշակութային համալիրում կտեղադրվի հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանը, հայտնում է rusarminfo.ru կայքը: «Տեղադրվելու է մոտ 80 հուշարձան՝ նվիրված տարբեր ժողովուրդների ու երկրների ականավոր գործիչներին: Դրանց շարքում հայ ժողովրդին ներկայացնելու է ականավոր գործիչ և փիլիսոփա Գարեգին Նժդեհը»,-աղբյուրի հետ զրույցում ասել է «Կիրիլիցայի տուն» համալիրի հիմնադիր, գործարար Կարեն Ալեքսանյանը:Նա մանրամասնել է, որ նախորդ շաբաթ այցելել է Հայաստան ու խորհրդակցել մասնագետների հետ, որպեսզի Նժդեհի արձանը պատրաստվի ամենաբարձր մակարդակով: Ալեքսանյանի խոսքով՝ այն կտեղադրվի 2018թ. ամռանից ոչ շուտ: Հայտնի է, որ Նժդեհից բացի համալիրում տեղադրվելու են Պուշկինի, Դոստոևսկու և Եսենինի արձանները:

amenaprkichekexeci

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ՝ ս. թ. հունվարի 17-ին, Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018 թ. դեկտեմբերին, պետք է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված լինեն:

 

Եկեղեցին գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում. կառուցվել է 1860-1873 թվականներին: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ունի մեծ օղակաձև պատուհաններ, իսկ արևմտյան կողմից կցված է զանգակատունը: Եկեղեցու հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը և զանգակատունը քանդվել են: 1964 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է զանգակատունն իր նախկին տեսքով: Եկեղեցական կառույցը դիմակայել էր 1926 թվականի երկրաշարժին, սակայն անզոր գտնվել՝ 1988 թվականի աղետին: 90-ական թվականների սկզբին հիմնվել է «Ամենափրկիչ» հիմնադրամը` եկեղեցու, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության հատկացրած, ինչպես նաև մի շարք բարերարների նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևել են ավելի քան 20 տարի: 2002 թվականից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսերը հոգացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

 

2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել և տեղադրվել են եկեղեցու խաչերը։ Նոր կառույցի վերականգնման ընթացքում օգտագործվել են նախկին կառույցից պահպանված քարերը: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ, այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրակայվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետներն այս մոնոլիտ կառույցը մի քանի հարյուրամյակ դեռևս կմնա կանգուն:

hradadar

«Հրադադար». ներկայացումը նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին

Ս. թ. հունվարի 26-ին, ժամը 16։00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Հրադադար» բեմադրությունը, որը նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին։

 

Մեկ գործողությամբ դրամայի հեղինակը Սամվել Խալաթյանն է, բեմադրությունը՝ Ռազմիկ Խոսրոևի, նկարչական ձևավորումը` Եվա Գրիգորյանի։

drosh

ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի առաջին փուլի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթին ներկայացված 16 հայտերից, մրցութային հանձնաժողովն ընտրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի, Կարապետ Փաշյանի և Գայանե Սողոյանի ներկայացրած հայտերը՝ որոշ վերապահումներով:

«Հանձնաժողովն ունի իրավասություն՝ հաղթող կամ թեկնածու ճանաչված հեղինակի հետ բանակցելու որոշակի շտկումների շուրջ»,-ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Մուրադյանի խոսքով, խորհրդանիշի ու կարագախոսի տրամաբանության մեջ պետք է «սինթեզվեն» հերոսամարտերի և պետականության գաղափարները:

Քանդակագործ Դավիթ Մինասյանը ևս «մինիմալիզմի» կողմնակից է: Ըստ նրա, խորհրդանիշը պետք է լինի պարզ, միաժամանակ՝ նորարարական, հետաքրքիր լուծումներով:

Նախնական փուլը հաղթահարած հեղինակների հետ շտկումների շուրջ բանակցություններից հետո կանցկացվի մրցույթի եզրափակիչ փուլը: Հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշն ու կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են դրամական մրցանակներ. գլխավոր՝ 1.500.000 դրամ, երկրորդ՝ 800.000 դրամ, խրախուսական՝ 500.000 դրամ /հարկերը ներառյալ:

qrq-qrqoryan

LA Times-ի ամենատարեց լրագրողը կենսագրական գիրք է գրել Քըրք Քրքորյանի մասին

Փետրվարի մեկին ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայում կներկայացվի հայազգի միլիարդատեր, բարեգործ Քըրք Քրքորյանին նվիրված կենսագրական գիրքը:

 Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» խորագրով գրքի հեղինակը Los-Angeles Times պարբերականի ամենատարեց լրագրող Ուիլյամ Ռեմփելն է:
 
Հեղինակը փորձել է ականավոր հային ներկայացնել որպես հակասական անձ՝ հանճար՝ առանց կրթության, չափազանց ամաչկոտ մի մարդ, որը պատրաստ էր ամենահավակնոտ բիզնես-խաբեությունների և ունեցած ամենը խաղասեղանին դնելու ռիսկին:

Հիշեցնենք, որ Քրքորյանը մահացել է 2015թ.: Ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտում իր գործունեության համար նրան անվանում էին «Լաս Վեգասի արքա»:
kataroxakan

Կատարողական արվեստի ասպարեզում` Հայաստանը գրանցեց հերթական հաղթանակը

ՀՀ մշակույթի նախարարության և «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամի» աջակցությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 15-22-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են «Սուրբ ծննդյան միջազգային 8-րդ օպերային ֆորումը» և օպերային 4-րդ միջազգային մրցույթը:

Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային երիտասարդական ծրագրի մասնակիցներ՝ մեներգիչներ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը և Մարիաննա Մարտիրոսյանը:

Մրցույթի արդյունքում` 16 երկրների 111 մասնակիցներից «Գլխավոր մրցանակը» շնորհվել է Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին, իսկ «Լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լևոն Ջավադյանը: