habetnak

Հաբեթնակ Բաբայանի 135-ամյակը

Միգուցե քչերը գիտեն, որ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ստեղծման պատմության հետ անմիջականորեն կապված է ոլորտի նվիրյալ Հաբեթնակ Բաբայանի անունը: 

Ծնվել է Շուշիում, 1886 թ. հունվարի 6-ին,  դարբին Առաքելի ընտանիքում: Սովորել է Շուշիի դպրոցում, որտեղ նկարչության դասեր է ստացել քանդակագործ Հակոբ Գյուրջյանի եղբոր՝ Գրիգոր Գյուրջյանի արվեստանոցում: Նրա աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին, ինչպես նաև 1933 թ.-ին Փարիզում կայացած ամենամյա միջազգային ցուցահանդեսին: Կրթությունը շարունակելու նպատակով Բաբայանը մեկնել է Պետերբուրգ և ստացել կենսաբանի մասնագիտություն: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես ուսուցիչ Սյունիքի մարզի համայնքներում:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բաբայանը նշանակվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր: Զուգահեռ մասնակցել է Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին՝ ներկայացնելով «Գուսան Աշոտի դիմանկարը», «Գուսան Հավասու դիմանկարը»,  «Ժող.վարպետ Վահան Հացագործյանի դիմանկարը», «Սայաթ Նովա», «Սասունցի Դավիթ» աշխատանքները:

1934 թ.-ից Բաբայանը նվիրվել է էթնիկ մշակույթի վերածննդին՝ ստանձնելով Հայաստանի  ժողովրդական ստեղծագործության հանրապետական տան ղեկավարի պարտականությունները: Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Եփրեմ Սավայանի, Բաբկեն Քոլոզյանի հետ սկսել է իրականացնել հավաքչական գործունեություն՝ համալրելով  ժողովրդական  վարպետների ստեղծագործությունների հավաքածուն:  Այդ հավաքածուի հենքի վրա էլ 1978 թ.-ին ժողովրդական արվեստի մեկ այլ նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով և Մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:

Հունվարի 6-ին կլրանար Հաբեթնակ Բաբայանի 135-ամյակը:

voch-nyutakan-m-jarangutyan-pahpanman-orer

Հայտարարություն դրամաշնորհային մրցույթի մասին – «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր»

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մասնագիտական խմբի 2021 թ դեկտեմբերի 30-ի N 2 որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-09»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022թ. փետրվարի 12-ը, ժամը 11:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2022թ. փետրվարի 12-ին, ժամը 11:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին:

Հեռախոս՝ 010 599 629

Էլ. Փոստ՝ [email protected]

arcati-ev-zardanaxchi-simfonian

«Արծաթի և զարդանախշի սիմֆոնիա»

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա «ԱՐԾԱԹԻ ԵՎ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» խորագրով ցուցադրությունը: ______________________________________________________

Երևան քաղաքի պատմության թանգարանում 90 տարիների ընթացքում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների գործերը, որոնք այսօր էլ հիացնում են իրենց նրբությամբ ու կատարելությամբ: Ցուցահանդեսում ներկայացված արծաթե առարկաների մեջ առանձնանում են 19-20-րդ դարերով թվագրվող գոտիները, որոնց նախշազարդերը բարձրարվեստ կատարումներից զատ, հայ ժողովրդի ինքնության արտահայտման յուրօրինակ վավերագրերն են: Դրանք պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ: Ընդ որում, սևադի տեխնիկան ծագումով հայկական է: Գոտիների մի մասը կրում է արծաթագործ վարպետի կնիքը: Հավաքածուների մեջ ստվար խումբ են կազմում սպասքը և ծիսական առարկաները: Վերջիններս ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդից են: Ըստ ծագման՝ դրանք լայն շրջանակ են ընդգրկում՝ Հայաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ Ֆինանսների նախարարության և Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ։ Այն կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ

«Կենսունակ ժառանգություն» ամսագրում` անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

05f611_b328089f839c4de286ad0b9898fe1804_mv2

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը:

Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները:

Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարբեր դրսևորումներին: 2021 թ. թողարկմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3k4HlTN

 

Ամսագրում ընդարձակ անդրադարձ կա հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանի կողմից ներկայացված թեմաներին, որոնք վերաբերում են ասեղնագործուհիներ Անահիտ և Անժելա Աբգարյանների ասեղնագործությանը և «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված «Լճերը, Նոյի ավանդազրույցը, Հայոց լեռները» ծրագրի շրջանակում պատրաստված 3 անիմացիոն ֆիլմերին:

 

Տեղեկանք: Հայաստանը Սոֆիայի կենտրոնին անդամակցում է 2013 թվականից և աշխույժ մասնակցություն ու ներդրում ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կենտրոնի հետ տարվող աշխատանքներում, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը, տարածմանը, միջմշակութային երկխոսությանն ու միջազգային հանրահռչակմանը։

 Այդ շրջանակում Հայաստանի շնորհալի փոքրիկ նկարիչները մասնակցել են նկարչական մրցույթի, երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Սոֆիայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին, ոլորտի մասնագետները պարբերաբար մասնակցել են ժառանգությանը նվիրված խորհրդաժողովներին, քննարկումներին, վերապատրաստումներին, ինչպես նաև «Կենսունակ ժառանգություն» ամսագրի ամենամյա հրատարակությունների աշխատանքներին։

Տոլմայի Համահայկական Փառատոն

tolma-cover

<<Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման>> Հ/Կ-ն ամեն տարի, սկսած 2011թ-ից կազմակերպում է Տոլմայի Համահայկական Փառատոնը: Նպատակներն են աշխարհին ավելի ճանաչելի դարձնել Տոլման, կազմակերպել համահայկական տոն, հավաքագրել մոռացված կամ քիչ կիրառելի բաղադրությամբ տոլմաների տեսակները:

qnnarkum

Քննարկում.ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով: Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացվել են ոչ նյութական մշակութային արժեքների 13 առաջարկներ.

  1. Մանրանկարչության արվեստ,
  2. «Անանա նան քյե ղուրբան» երգ,
  3. «Սև սար» երգ,
  4. Տոլմա
  5. Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ
  6. Տավուշի մարզի համայնքներում
  7. Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ
  8. Տավուշի մարզում,
  9. Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում,
  10. Տոմաստ
  11. Քյավառի փախլավա
  12. ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի պանրագործությունը
  13. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ժողովրդական ճարտարապետությունը
  14. Ասեղնագործություն
  15. Տնկարանային տնտեսություն (տնկարանի արտադրանքի տեխնոլոգիա և իրացում):

Առանձին-առանձին անդրադառնալով ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման առաջարկներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները: Առաջարկները քննարկելիս խորհուրդը հատկապես կարևորել է դրանց լրամշակումը, մանրամասն նկարագրությունը, կենսունակ և կիրառելի մշակութային տարր լինելու հանգամանքը:

garegin

ՀՊՖ-ն կիրականացնի միջոցառումների շարք՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին

Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ Ժամը 18:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն տվյալ թեմաներով Սրվանձտյանի ուսումնասիրության առարկա դարձած նյութերը։

Նրա ձեռագրերի և տպագիր աշխատությունների հետ մեկտեղ՝ կցուցադրվեն նաև աշխարհահռչակ գեղանկարիչներ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի և այլ նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները։ Ժամը 19:00-ին միջոցառումների շարքը կեզրափակվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի և «Արտասաքս» սաքսոֆոնային քառյակի մասնակցությամբ։

Նախագիծն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։

ajapnyak

Ցուցադրություն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության›› ծրագրի շրջանակում նոյեմբերի 4-ին «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվել է կարպետագործության և գորգագործության ցուցադրություն:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար. նրանք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման (կարպետագործություն, գորգագործություն) ծրագիրն ուղղված էր 6-18 տարեկանների ներուժը բացահայտելուն, նրանց կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների զարգացմանը նպաստելուն։

Ծրագրի շրջանակում ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաների համար ստեղծվել է յուրահատուկ ստեղծագործական միջավայր, որը նպաստել է նրանց արտադպրոցական զբաղվածությանը և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։

ginu-paraton

Արենի Գինու Փառատոն

wine-areni-paraton

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

dajagorcutyun

Դաջազարդությունը և տարազը

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) «Դաջազարդությունը և տարազը» թեմայով բանախոսությամբ հանդես կգա ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը:

 

Լ. Մնեյանը կանդրադառնա դաջելու եւ ներկելու եղանակներին, զարդամոտիվներին եւ հայկական տարազում դրանց արտահայտությանն ու կիրառմանը։

 

Դասախոսության վերջում կանցկացվի վարպետաց դաս, այցելուները հնարավորություն կունենան իրենց ցանկացած իրի վրա անվճար դաջելու հայկական զարդանախշերից որևէ մեկը: