Ժողովրդական Բանահյուսություն

Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:


Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բանահյուսական ստեղծագործությունները ապրում են ժողովրդի հիշողության մեջ և փոխանցվում են բանավոր` բերնեբերան), հանրային՝ կոլեկտիվ բնույթով (բանահյուսական ստեղծագործության ձևավորմանն ու տարածմանը մասնակցում է ժողովուրդը), տարբերակների առկայությամբ (բանահյուսության ցանկացած տեսակ, ի տարբերություն հեղինակայինի, ունի բազում տարբերակներ. ինչքան` ասացող, այնքան` տարբերակ), միաձուլությամբ՝ սինկրետիզմով (բանահյուսական մի շարք տեսակներ իրենց մեջ ներառում են տարատեսակ սեռեր ու ժանրեր` համադրելով թե՛ թատերականը (դրամատիկական, ողբերգական, կատակերգական, դիմախաղ, մարմնի շարժումներ), թե՛ ազգագրական-ծիսականը (հարսանեկան, թաղման, ազգային տոների ու խաղերի դրսևորումներ), թե՛ երաժշտարվեստի ու պարարվեստի արտացոլանքները, և թե՛ բանարվեստի զանազան տեսակների կիրառությունները): 

Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատկապես՝ Յակոբ Գրիմմի կողմից: Եվրոպական առաջավոր երկրների բանագիտական մտքի ազդեցությամբ 19-րդ դ. կեսերին հայ մտավորականությունը ևս կարևորեց մեր ժողովրդի բանավոր ավանդության տարբեր ժանրերի գրառման, հրատարակման և ուսումնասիրման պատմամշակութաբանական անհրաժեշտությունը: Հայ ժողովրդական բանահյուսության հավաքման և հետազոտման գործընթացը սկզբնավորվեց Գ. Սրվանձտյանցի “Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ” (1874 թ.) աշխատանքով, որը առաջ բերեց բանահավաքչական մեծ շարժում: Հետագայում իրենց ավանդը ներդրեցին հայ մշակույթի մի շարք երախտավորներ (Մ, Աբեղյան, Գ. Շերմազանյան, Մ. Բարխուդարյան, Գ. Ղափանցյան, Ա. Ղանալանյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ս. Հարությունյան և այլոք), ովքեր կարողացան կորստից փրկել հայ ժողովրդի բանավոր մշակույթի գանձերը և գիտական հիմքերի վրա դնել դրանց ուսումնասիրությունը: Այնուամենայնիվ, այսօր դեռևս կենցաղավարող բանահյուսության մի շարք տեսակների գոյությունը վտանգված է, ուստի, էլ ավելի է կարևորվում հոգևոր մշակութային արժեքների գրանցման` գույքագրման, հավաքման ու պահպանման աշխատանքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության դասակարգման, գրանցման ու պահպանման նպատակով ժողովրդական բանահյուսության տեսակները դասակարգելիս և նրանց համառոտ բնութագրերը կազմելիս հաշվի է առնվում հայ բանագիտության բնագավառում առկա սկզբունքները և գնահատականները:Հայ բանագիտության մեջ ժողովրդական բանահյուսությունը ընդունված է բաժանել երկու սեռի ` վիպական և քնարական: Թե՛ վիպական, թե՛ քնարական սեռերի որոշ տեսակներ նաև պարունակում են դրամատիկականի տարրեր: