Berry Festival հատապտուղների փառատոնի կարևորագույն նպատակը ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների և տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների հանդիպումն է, փորձի փոխանակումն ու համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը, հատապտուղների մշակության արժեշղթայի կայացմանը:
Բազմաթիվ շահառու և ոչ շահառու ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Շիրակի և հարակից մարզերի մի շարք համայնքներից կմասնակցեն Հատապտուղների փառատոնին, որպեսզի վայելեն գյուղական միջավայրը, արժանին մատուցեն հողի աշխատավորին և օգնեն ավելացնելու իրենց եկամուտները:
Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, շիրակցիներին բնորոշ ջերմ ընդունելությամբ և հյուրասիրությամբ, ինչպես նաև ավանդական համերգային ծրագրով` երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, խաղերով, վարպետաց դասերով ու պարային համարներով։ Փառատոնը կանցկացվի հուլիսի 27- ին, ժամը 12։00-ին։ Վայրը՝ Շիրակի մարզ, գյուղ Հայկավան, Նոր թաղամաս 1-ին փողոց, շ.29։ Մուտքն ազատ է։