unesco

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի փոխնախագահ

Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․ թ․ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցութ­յունների ընթացքում։ Հայաստանը կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար: Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամ երկրներից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

japonia-hayastan-hamadzaynagir

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում այսօր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։

 

Նախարար Արմեն Ամիրյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կատսուտոշի Ֆուշիմին ապա ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և JICA-ի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը:

 

69 700 000 (վաթսուն ինը միլիոն յոթ հարյուր հազար) ճապոնական յենի դրամաշնորհով (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:

 

Նախարար Ամիրյանը նշեց, որ նախկինում էլ տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած մշակութային դրամաշնորհներով լուծվել են հայկական մշակութային կազմակերպությունների տեխնիկական զինման շատ խնդիրներ, հայ մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ճապոնիայում կազմակերպվող մշակութային բազմապիսի դասընթացների, որոնք իրապես օգնել են զարգացնել մասնագիտական հմտությունները և ստացած գիտելիքներն օգտագործել Հայաստանում:

 

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանաբու Հորին և դեսպան Էյջի Տագուչին նույնպես երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ճանապարհին կարևոր քայլ համարեցին համաձայնագրերի ստորագրումը։ Կողմերն այդ առիթով հատկապես կարևորեցին նաև փետրվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրված՝ Ներդրումների ազատականացման և խրախուսման համաձայնագիրը։

amiryannnn

ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին

Ս. թ. փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

 Հանդիպման սկզբում նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ հայ-լիբանանյան համատեղ պատմական անցյալը երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացման կարևոր հիմք է: Այս համատեքստում, նախարարը ներկայացրել է առաջարկություններ՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի և այլ ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Լիբանանի դեսպան Մայա Դաղերը ոգևորությամբ է ընդունել երկկողմ համագործակցության շրջանակում՝ մշակութային ծրագրերի իրականացման առաջարկությունները: Իր խոսքում նա ընդգծել է. «Շատ հետաքրքիր ու գործնական առաջարկություններ են, առավել ևս, որ դրանց իրականացման համար կան կայուն հիմքեր: Մեր պատմական լավ հարաբերությունները, պետք է փորձենք ակտիվացնել նաև մշակույթի ոլորտում»:
 

Մայա Դաղերի հետ հանդիպմանը մշակույթի նախարարը կարևորել է, մասնավորապես՝ Բեյրութում հայ-լիբանանյան բարեկամության համատեղ թանգարանի ստեղծումը: «Այդ թանգարանը նաև յուրատեսակ շնորհակալություն կլինի հայ ժողովրդի կողմից՝ իրեն գրկաբաց ընդունելու և մինչ օրս իր գրկում պահած լիբանանցի ժողովրդին»,- ասել է Արմեն Ամիրյանը:

ashnan-arev

«Աշնան արևը»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում

Ս. թ. փետրվարի 9-ին, ժամը 16:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» երկմասանոց դրաման: Բեմականացումը և նկարչական ձևավորումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի: Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյան և Հակոբ Ազիզյանի: Երաժշտական ձևավորումը՝ Սեդրակ Զարգարյանի:

 Աղունի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, Արուսի դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը, Սիմոնի դերում՝ Շահեն Հարությունյանը, երիտասարդ Աղունի դերում՝ Ալլա Դարբինյանը, երիտասարդ Սիմոնի դերում՝ Սարգիս Ավետիսյանը:
 

Դերերում՝ Վասիլ Նազլուխանյան, Գագիկ Դուրմիշյան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան, Արմինե Վերմիշյան, Շամիրամ Տերտերյան, Հերիքնազ Բաղդասարյան, Արթուր Պապիկյան, Համլետ Գյուլզադյան, Գայանե Մեսրոպյան, Արման Սաքանյան, Վարդիթեր Ներսեսյան, Վահրամ Խառատյան, Արփինե Հակոբյան, Արաքսյա Քոչարյան, Հովհաննես Ներսիսյան: Ներկայացմանը մասնակցում են նաև ԵԹԿՊԻ–ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները:

saryan

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդես և ցուցադրություն

Ս. թ. փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Կցուցադրվեն նաև ֆիլմի ստեղծման ընթացքում արված լուսանկարները և Մ. Սարյանի աշխատանքները:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան:

Մուտքը՝ տոմսով:

suren-qocharyan

Կկայանա «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գրքի շնորհանդեսը

Ս. թ. փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Հենրիկ Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գրքի շնորհանդեսը:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի մենագրությունը նվիրված է բեմական խոսքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանի կյանքին և ստեղծագործությանը: 20-րդ դարի ասմունքի ժանրի մեծագույն վարպետը ներկայացված է հայալեզու և ռուսալեզու իր կատարումներով, կենսագրության հիշարժան փաստերով:

 

amiryan

ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին

Ս. թ. փետրվարի 5-ին ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Հանդիպման սկզբում նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ հայ-լիբանանյան համատեղ պատմական անցյալը երկու երկրների մշակութային հարաբերությունների խորացման կարևոր հիմք է: Այս համատեքստում, նախարարը ներկայացրել է առաջարկություններ՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի և այլ ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Լիբանանի դեսպան Մայա Դաղերը ոգևորությամբ է ընդունել երկկողմ համագործակցության շրջանակում՝ մշակութային ծրագրերի իրականացման առաջարկությունները: Իր խոսքում նա ընդգծել է. «Շատ հետաքրքիր ու գործնական առաջարկություններ են, առավել ևս, որ դրանց իրականացման համար կան կայուն հիմքեր: Մեր պատմական լավ հարաբերությունները, պետք է փորձենք ակտիվացնել նաև մշակույթի ոլորտում»:

Մայա Դաղերի հետ հանդիպմանը մշակույթի նախարարը կարևորել է, մասնավորապես՝ Բեյրութում հայ-լիբանանյան բարեկամության համատեղ թանգարանի ստեղծումը: «Այդ թանգարանը նաև յուրատեսակ շնորհակալություն կլինի հայ ժողովրդի կողմից՝ իրեն գրկաբաց ընդունելու և մինչ օրս իր գրկում պահած լիբանանցի ժողովրդին»,- ասել է Արմեն Ամիրյանը:

heqimyan

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին: Հոբելյանական միջոցառմանը կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/: Մենակատարներ` Վախթանգ Կիկաբիձե, Նանի Բրեգվաձե, Շուշան Պետրոսյան, Ռազմիկ Ամյան, Արսեն Սաֆարյան, Արթուր Իսպիրյան, Արսեն Գրիգորյան: Համերգային ծրագրի ընթացքում կոմպոզիտորի սիրված և ճանաչված ստեղծագործությունները կհնչեն նորովի:

surb-sargis

Միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի և երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին

Ս. թ. հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ին, Ա. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի և երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Միջոցառմանը կմասնակցեն Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, սպայական կազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի) ուսանողները /նախագահ Ս. Աբրամյան/: Միջոցառման նպատակն է շնորհավորել մեր հայրենիքի ապագա պաշտպաններին տոնի առթիվ, և քանի որ այս տարի երիտասարդների սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նախորդում է հայկական բանակի տոնին, նախատեսվում է նաև սիրո տոնի խորհրդին համահունչ ծիսակատարություններ, մաղթանքներ և համերգային մաս: Ելույթ կունենա ՀԱՃՀ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը: Գեղարվեստական ղեկավար՝ գեղաշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյան:

strasburg

Ստրասբուրգում ստորագրվել է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության» կոնվենցիան

2018 թ. հունվարի 24-ին Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային ծրագիրը, որի շրջանակում կողմերը ստորագրել են «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ /վերանայված/ կոնվենցիան և մի շարք այլ փաստաթղթեր:

 Եվրոպական խորհրդի կողմից վերոգրյալ կոնվենցիան արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նախաձեռնվեց այդ կոնվենցիայի վերանայման գործընթացը, ինչի արդյունքում դյուրացվեցին մի շարք պահանաջներ: Մասնավորապես, բազմակողմանի համաարտադրության դեպքում կինոարտադրության մինիմալ անհրաժեշտ ֆինանսական արգելքն իջավ մինչև 10%, իսկ երկկողմ համաարտադրության դեպքում՝ մինչև 5%։
 

Միանալով կոնվենցիային՝ կստեղծվեն նոր հեռանկարներ հայկական ֆիլմարդյունաբերության զարգացման և եվրոպական շուկայում կայուն դիրքեր ունենալու համար:

 Կոնվենցիայի նպատակների անխափան իրագործման համար նախատեսվում է կողմ երկիր մուտք գործելու և կեցության դյուրին ընթացակարգի կիրառում, ինչպես նաև դյուրացվում է համատեղ արտադրության մասնակից մյուս կողմերի տեխնիկական և գեղարվեստական անձնակազմերի մուտք գործելը և կեցությունը, իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը:
 

Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 2017 թ. հունվարի 30-ին Ռոտերդամում: Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են Բելգիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները /ուժի մեջ է մտել 01/12/2017/, Նորվեգիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովակիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/: