ashxarhy-mer-shurjy

Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես ‹‹Աշխարհը մեր շուրջը››

Ս. թ. հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության հետ համատեղ, արվեստասեր հանրությանը կներկայացնի գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև հուլիսի 9-ը:

 Լևոն Օսեպյանը ծնվել է 1952 թ. Երևանում: Տեխնիկական բարձրագույն կրթություն է ստացել Բաքվում: Ռուսաստանի գրողների միության վարչության անդամ է (2012 թ. կազմակերպչական գծով քարտուղար), գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ, ինչպես նաև Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ:
 

Հեղինակ է «Այցելություն երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթան» գրքերի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով:

 Լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Իսրայելում և այլուր: Լևոն Օսեպյանի լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Իրան, Լեհաստան, Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան, Հայաստան):
gexankarchutyun

«Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի վերաբերյալ

Ճարտարապետ Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի վերաբերյալ

Ս. թ. մայիսի 26-ին, ժամը 15:00–ին, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը»՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության հետ համատեղ հանրությանը կներկայացնի Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 5-ը:

Վարուժան Սիմոնյանը ծնվել է 1956 թ. Թումանյանի շրջանի Ակոռի գյուղում: Ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարա­կան ֆակուլտետում: 1986-1993 թթ. մասնագիտությամբ աշխատել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում: 1993թ. ընտրվել է Ալավերդու քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ և համատեղության կարգով՝ աշխատել որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, ապա՝ քաղաքապետի տեղակալ: Վարել է նաև հասարակական գործունեություն՝ ղեկավարելով «Ալավերդու ընտանիքի օժանդակության կենտրոն» ՀԿ-ն: 2006 թ. առ այսօր աշխատում է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում՝ որպես տնօրեն:

Գեղանկարչությամբ զբաղվել է դեռևս վաղ հասակից, սակայն վարպետություն է ձեռք բերել 2011 թ., երբ Ալավերդիում կազմակերպված «Լոռվա ներկապնակ» միջազգային հանդիպման շրջանակում ուսումնարանում կազմակերպվել են 8 երկրների նկարիչների վարպետության դասեր:

Նկարչի հիշողության արահետները պատկերում ոչ միայն են Ակոռի գյուղը, այլև հայրենի եզերքի այլ տարածքներ՝ Վայոց ձոր, Դիլիջան, Արագածոտն, ուր ստեղծվում են «Գյուղական դրվագ», «Դեպի Ակոռի», «Նորավանք, «Օհանավանք» կտավները: Ստեղծագործական այդ որոնումները չեն սահմանափակվում Հայաստան աշխարհով: Նա վրձնում է բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ նաև Դոնբասից՝ «Գալյա տատի տունը», Էսենդուկիից՝ «Ամռան բույրը», Վանից՝ «Սուրբ Խաչը» և այլն:

Լոռվա աշխարհի զավակն իր ինքնաբուխ ստեղծագործություններով և Լոռվա հեքիաթային աշխարհի մաքուր ու ջերմ գույներով պատմում է հայրենի բնաշխարհի, շրջապատի մարդկանց մասին:

tiknik

«Հեղինակային տիկնիկ» խորագրով ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

Ս. թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Հեղինակային տիկնիկ» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

Այս ցուցահանդեսը առաջին փորձն է ներկայացնելու հեղինակային տիկնիկը, որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է իր մեջ արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն։ Տիկնիկ պատրաստելու հմտությունը և դրա հետ կապված հավատալիքները բնորոշ են հայկական ավանդական մշակույթին։ Հատկապես ծիսական տիկնիկների հետ կապված գիտելիքներն ու դրանց գործառույթները մեր ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության մի զգալի հատվածն են կազմում։

Ցուցահանդեսին մասնակցում են 30 հեղինակներ, որոնք ներկայացնում են տարբեր տեխնիկայի ու ժանրի 200-ից ավել տիկնիկներ: Ցուցահանդեսի ավարտին մասնակիցները նախաձեռնել են տիկնիկներ նվիրել Արցախի երեխաներին։


Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 20-ը։

tangaranneri-gisher

«Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խոր

2016 թվականին, «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների  միջազգային  խորհրդի  /ԻԿՕՄ/ առաջարկով:

1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Գարնանային ակցիային, այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան:

Մայիսի 18-ին՝ «Թանգարանների միջազգային օրը», ժամը 10:00-18:00-ն մասնակից-թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար, մայիսի 21-ին, ժամը 18:00-24:00-ն` կրկին անվճար:

Վերը նշված երկու օրերի ընթացքում, բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներովթանգարաններն իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Հատկանշական է, որ մասնակից թանգարանները հանդես են գալիս ինքնատիպ նախաձեռնություններով` փորձելով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձնել այցելուների երեկոն: Այս միջոցառման նպատակն է վերարժևորել մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ:

litva

Լիտվայի Երաժշտության օրը գալիս է Երևան

2006 թվականին, երաժիշտ Անդրիուս Մամոնտովասի մտահղացմամբ՝ Լիտվայում անցկացվեց «Երաժշտության օրը», որը դարձավ ավանդական փառատոն: Փառատոնի ընթացքում, երաժշտության յուրաքանչյուր երկրպագու հրավիրվում և հնարավորություն է ստանում երգելու կամ նվագելու սիրելի քաղաքի փողոցներում:

«Եվրոպայի օրեր» միամսյակի շրջանակում, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Դեսպանությունը Երևանում առաջին անգամ կանցկացնի «Երաժշտության օր»: Փառատոնը կմեկնարկի ս. թ. մայիսի 21-ին, ժամը 16:00-ից, մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, Ազատության և Շառլ Ազնավուրի անվան հրապարակներում: Նույն օրը, երեկոյան ժամը 20:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա նաև Գալա համերգ, որտեղ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջազ-բենդը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային քառյակը, ինչպես նաև մի շարք հայտնի հայ երաժիշտ-կատարողներ, հանդես կգան իրենց լավագույն երաժշտական համարներով:

Ունկնդիրների և երաժշտության երկրպագուների համար վաղօրոք կտարածվեն թռուցիկներ՝ ելույթների վայրերի քարտեզավորմամբ և կատարողների ցանկով:

Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել առցանց՝ «Երաժշտության օրվա» (SMD) պաշտոնական կայքում կամ էլեկտրոնային փոստով՝ նշելով կատարման համար նախընտրած վայրը, ժամանակը, ինչպես նաև հավելյալ տեղեկություն՝ խմբի, երաժշտական ոճի վերաբերյալ:

Փառատոնի մասին լրացուցիչ տեղեկությունները կարող եք տեսնել Լիտվայի Հանրապետության դեսպանության կայքում և ֆեյսբուքյան էջում:

Հեռախոս՝ +374 10 297 682/+374 10 297 683

Էլ. փոստ՝ [email protected]

41042b3d62d5d152a81c111

Սանկտ Պետերբուրգում կկայանա «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը

Ս. թ. մայիսի 23-29-ը, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կանցկացվի «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը, որին կմասնակցեն պատվիրակներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ալեքսանդր Ժույկովը (դասական երգեցողություն), Լևոն Կարապետյանը (դաշնամուր) և Նարինե Ղուկասյանը (գեղանկարիչ):

 

Փառատոնի հիմնական նպատակն է ստեղծագործական ծրագրերի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի բացահայտումը, ժամանակակից աշխարհում նրանց ինտեգրումն ու լիարժեք ադապտացումը, ինչպես նաև հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխությունը:

 

«Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա` ս. թ. մայիսի 24-ին, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում: Փառատոնի հայաստանյան մասնակիցներ Ալեքսանդր Ժույկովը և Լևոն Կարապետյանը հանդես կգան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Մ. Սինկևիչ) հետ:

 

Մայիսի 25-ին, Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կկայանա Լևոն Կարապետյանի համատեղ համերգը Սաիդա Կալիկովայի (Իտալիա, Ղազախստան) հետ:

 

 

Փառատոնի շրջանակում՝ ս. թ. մայիսի 27-ին, Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա առթիվ, Միխայլովյան այգում իրականացվող «Քաղաքը բոլորին» խորագրով ծրագրում Ալեքսանդր Ժույկովը հանդես կգա Վ. Անդրեևի անվան ռուսական ժողովրդական նվագարանների նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Դ. Խոխլով), իսկ գեղանկարիչ Նարինե Ղուկասյանն իր աշխատանքներով կմասնակցի ցուցահանդեսի, ինչպես նաև կանցկացնի վարպետության դաս:

machanenc

«Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016

Ս. թ. մայիսի 14-21-ը «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ը:

 Սիմպոզիումն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության և «Արփինետ» ՍՊԸ-ի աջակցությամբ։

2016 թ. սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Ճապոնիա, Նիդերլանդեր, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Բելառուս, Եգիպտոս), ինչպես նաև ներկայում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» և Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը:

Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայկական խաչքարերի և զարդաքանդակների ստեղծման, ինչպես նաև կավե անոթների պատրաստման ստեղծագործական գործընթացներին: Խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող այդ կավե նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը:

«Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ի բացումը տեղի է ունենալու ս. թ. մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության տարածքում:

Սիմպոզիումի իրականացումը լայն հնարավորություն է ընձեռում միջմշակության փոխանակման, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար: