ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի հայ արհեստագործներին վաճառելու իրենց արտադրանքը արտասահմանում՝ Արհեստագործների հզորացման կենտրոն ծրագրի միջոցով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս նոր ծրագիրը մեկնարկել է մասնավոր հատվածի հետ գործակցությամբ՝ NOVICA կազմակերպության հետ:
Արհեստագործների հզորացման կենտրոնի նպատակն է՝ կազմակերպել հայ վարպետների ստեղծագործությունների վաճառքը արտասահմանում, խթանել տեղական համայնքների տնտեսական զարգացումը, աջակցել հայ ավանդական մշակույթի և արվեստի ճանաչմանն աշխարհում։ Չորս տարի տևողությամբ ծրագրի բյուջեն կազմում է 2,866,578 ԱՄՆ դոլար։
Բազմաթիվ հայ տաղանդավոր արհեստագործներ դժվարանում են վաճառել իրենց արտադրանքը։ Հիմնական խնդիրները հետևյալն են՝ շուկայի սահմանափակ հասանելիություն, միջազգային շուկայի տենդենցներին համապատասխան արտադրանք մշակելու ուղղորդման կարիք, նյութատեխնիկական խոշոր ծախսեր և արտահանման ենթակառուցվածքների բացակայություն:
Այս ծրագիրը միտված է լուծելու վերոնշյալ խնդիրները՝ առաջիկա չորս տարում։
Ծրագիրը կներգրավի մոտ 1,000 արհեստագործի՝ ներառված ավելի քան 200 խմբերում։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը դրական ազդեցություն կունենա հազարավոր վարպետների գործունեության վրա։ Մինչ ծրագրի ավարտը սպասվում է ստեղծել ավելի քան 1,35 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր եկամուտ, իսկ ծրագրի ավարտից հետո՝ տարեկան ավելի քան 500,000 ԱՄՆ դոլար։
Ծրագրի արդյունքում կմեծանա արհեստագործական արտադրանքի արտահանման շուկան։ Այն կստեղծի կայուն, կանխատեսելի շուկայական պահանջարկ, որը կախված չի լինի զբոսաշրջիկների հոսքից։ Արդյունքում կավելանան մշտական աշխատանքի հնարավորությունները, եկամուտները և կբարելավվի Հայաստանի գյուղական շրջաններում բնակվող արհեստագործների կենսամակարդակը։
Արհեստագործների թիվը մեծացնելու, նրանց կարողությունները զարգացնելու և արտադրանքի որակը բարելավելու համար՝ NOVICA-ն կկազմակերպի վարպետության դասընթացներ։
Ապրանքները կվաճառվեն NOVICA.com, UNICEF Market, the Smithsonian Folklife Festival Marketplace, the Kiva Store, և NOVICA-ի գործընկեր այլ առցանց հարթակներում։