Ուտելի բույսերի փառատոն 2023

Ուտելի բույսերի փառատոն 2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ այս տարի Ուտելի բույսերի փառատոնը տեղի ունեցավ հուլիսի 22-ին, Լոռվա Դսեղ գյուղում։
Այս տարի Ուտելի բույսերի փառատոնի կարգախոսն էր՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։ Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ խոհանոցում։ Տեղացիները պահպանել են հավաքչության ավանդույթը և ամեն գարուն-ամառ գնում են հավաքի և դրանցից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ, և հենց այս ամենով էլ պայմանավորված՝ լոռեցիներին անվանում են «քոլեցի»:

Փառատոնի շրջանակում տեղի ունեցան լոռեցիների ձեռքով հավաքված, մշակված և պատրաստված բուսական ուտեստների, չորացված ու պահածոյացված բույսերի համտես և վաճառք, վարպետաց դասեր, քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ, ժողովրդական խաղերի ուսուցում, ազգային երգ ու պարի ուսուցում:

Ուտելի բույսերի փառատոնն արդեն ունի 4 տարիների պատմություն, որի ընթացքում զբոսաշրջիկներին է ներկայացրել Լոռին իր յուրահատկություններով։ Փառատոնի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը՝ հանրայնացնելով հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Թումանյան խոշորացված համայնքում զբոսաշրջության զարգացմանը։

 

Comments are closed.