Ժողովրդական արվեստների թանգարանը կարպետագործության դասընթացներ է անցկացրել Լիբանանում

Ժողովրդական արվեստների թանգարանը կարպետագործության դասընթացներ է անցկացրել Լիբանանում

Ժողովրդական արվեստների թանգարանը, շարունակելով իր առաքելությունը՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում և նրա սահմաններից դուրս, «Ինքնության դարբնոց» թանգարանային դպրոցի կրթական ծրագրերի շրջանակում, արդեն երկրորդ տարին է, համագործակցում է Բեյրութի Հայկազյան Համալսարանի հետ։

Հայկազյան Համալսարանի հրավերով հուլիսի 4-22 Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կարպետագործության դասընթացներ է անցկացրել Լիբանանում:
9 օր տևած «Հյուսիր քո կարպետը» աշխատաժողովն անցկացվել է Հայկազյան Համալսարանում, որը կազմակերպվել էր Համալսարանի Ուսանողական գրասենյակի կողմից՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համատեղ:

Հուլիսի 5-18-ը Հայ Ավետարանական վարժարանի, Հայ Ավետարանական Շամլեան-Թաթիկյան, Հայ Ավետարանական Կենտրոնական Բարձրագույն, Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ, ՀԲԸՄ, Վահան Թեքեյան և Միացյալ հայոց ազգային դպրոցների աշակերտները
«Հյուսիր քո կարպետը» աշխատաժողովի արդյունքում սովորել են կարպետագործության հմտությունները և ծանոթացել հայկական կարպետի գունային, նախշային և իմաստաբանական առանձնահատկություններին:
Առավոտյան աշակերտական դասընթացներին զուգահեռ, երեկոյան դասընթացներ են անցկացվել նաև մեծահասակների համար:

Աշխատաժողովի արդյունքն ամփոփվել է ցուցահանդեսով:

Հուլիսի 19-ին Հայկազեան Համալսարանի Արթուր Մաթոսեան պատկերասրահում ցուցադրվել է լիբանանահայ տարբեր վարժարանների աշակերտների և մեծահասակների թվով 75 ձեռագործ կարպետ:
Ցուցահանդեսին ներկա են եղել տեղի հայկական դպրոցների աշակերտներ, ծնողներ, վարժարանների ուսուցիչներ, տնօրեններ և այլք։

Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը Թանգարանի աշխատակից վարպետներին՝ Սյուզաննա Ավետիսյանին և Նարինե Պողոսյանին, համալսարանի կողմից հանձնել է շնորհակալագրեր:
Ուսանողական գրասենյակի ղեկավար Ռազմիկ Գաբրիելյանը և Թանգարանի փոխտնօրեն Գայանե Ասլանյանը Հայկազյան Համալսարանի և Թանգարանի կողմից հավաստագրեր են հանձնել դասընթացի մասնակից սաներին։

Comments are closed.