ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:
Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել նրանց ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ (թաղիքագործություն, ասեղնագործություն, կավագործություն), որոնք կնպաստեն ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը, փոխանցմանն ու տարածմանը։ Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ:
Այսպիսով, մասնակիցները ձեռք կբերեն նոր մասնագիտություններ ու աշխատանքային հմտություններ, կունենան սեփական արտադրանքի վաճառքի հնարավորություն՝ համագործակցային կապեր հաստատելով և իրենց հերթին շարունակական աջակցություն ցուցաբերելով մյուս արցախցիներին: