«Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնի էպոսասացության մրցույթն անցկացվեց Գավառի երկրագիտական թանգարանում։
2011 թվականից անցկացվող փառատոնն առաջին երկու տարիներին իրականացվել է ՀՀ Արագածոտնի մարզում, իսկ 2013 թվականից ձեռք է բերել հանրապետական ձևաչափ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Այս տարի փառատոնի հանրապետական փուլն անցկացվել է Գեղարքունիքի մարզում՝ նախորդ տարիներին փառատոնին մարզի դպրոցականների ակտիվ մասնակցության շնորհիվ: Մրցույթին մասնակցել են 7-16 տարեկան 25 դպրոցականներ, որոնք տարբեր հատվածներ են ներկայացրել «Սասունցի Դավիթ» էպոսից: Փառատոնին կատարողական ինքնատիպությամբ հատկապես աչքի են ընկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգ դպրոցականները, որոնք փառատոնի առաջատար են ճանաչվել և հատուկ մրցանակ ստացել, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին:
Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և խրախուսական այլ պարգևների: