Մարտի 29-ին Թեքեյան կենտրոնում բացվել է «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդեսը, ուր միավորված են Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները եւ լրագրող, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարները:
Հադրութի ստեղծագործական կենտրոնը ցուցահանդես-վաճառքին ներկայացել է բազմապիսի աշխատանքներով՝ գորգագործություն, գոբելեն, ասեղնագործություն, ուլունքագործություն, խեցեգործություն, գեղանկարչություն եւ այլն:
Ցուցահանդեսի բացմանը ողջյունի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:
Հադրութի ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը, ներկայացնելով հաստատության պատմությունն ու գործունեությունը, հատկանշեց ազգայինը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու գաղափարախոսությունը:
Հադրութի ստեղծագործական կենտրոնն առաջին անգամ է ցուցանմուշները ներկայացնում վաճառքի՝ 420 աշակերտների անվճար ուսուցանումը հնարավոր դարձնելու եւ կենտրոնը պահպանելու համար:
Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը շնորհակալություն հայտնեց Թեքեյան կենտրոնին նմանատիպ մշակութապահպան միջոցառումներն իր հովանու ներքո առնելու եւ խրախուսելու համար: Հեղինակը, ներկայացնելով լուսանկարները, նշեց, որ իր 25 տարվա աշխատանքի արդյունք են, որտեղ պատկերված են Արցախի պատմամշակութային հուշարձանները, որոնցից շատերն արդեն ոչնչացվել են թշնամու կողմից։
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմադրվել է 1995թ. Արցախում:
44-օրյա Արցախյան պատերազմից հետո` 2020թ. դեկտեմբերին կենտրոնը վերաբացվել է Երևանում եւ ունի մասնաճյուղեր ՝ Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Էջմիածնում, Վանաձորում եւ ՀՀ այլ մարզերում։ Անվճար հիմունքներով կենտրոն են հաճախում 420 աշակերտ, գործում է 47 խումբ, որտեղ դասավանդում են Արցախից բռնի տեղահանված 24 արվեստագործներ։ Գործում են կավագործության, գորգագործության, կարպետագործության, փայտագործության, ասեղնագործության, գոբելենի, մանրանկարչության, բատիկայի, նկարչության, պարի եւ այլ խմբակներ։ Վերաբացումից ի վեր կենտրոնը կազմակերպել եւ մասնակցել է հինգ տասնյակից ավել ցուցահանդասների, այդ թվում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Շվեյցարիայում, Հնդկաստանում՝ ցուցադրելով հայ երիտասարդ արվեստագետների տաղանդն ու տոկունությունը:
Զոհրաբ Ըռքոյանը 2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: 1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։ 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։