ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 22-ին և 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/, բեմական նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը /ՀՀ վաստակավոր նկարիչ/: Բեմադրման աշխատանքներին մասնակցել է նաև հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը /ՌԴ/: Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը» /խմբավար՝ Էմմա Առաքելյան/:
Գլխավոր դերերում հանդես կգան՝ Սիրանուշ Գասպարյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Այվազյանը /Տոսկա/, Հովհաննես Այվազյանը, Սարգիս Աղամալյանը /Կավարադոսի/, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Գեորգի Առաքելովը /Սկարպիա/, Հայկ Տիգրանյանը, Կիմ Սարգսյանը /Սագրեստանո/:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Նշենք, որ Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի և Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թվականի հունվարի 14-ին, Հռոմում: «Տոսկա» օպերան, ավելի քան, մեկ դար ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում, մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես, Իտալիայում: Վ. Սարդուն այս օպերան անվանել է հռոմեական դրամա, խնդիր դնելով կոպոզիտորի առջև՝ լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ: