«Գութան» Հայաստանի ազգային երգի-պարի ամենամյա փառատոնին Արեգ ազգային պարի խումբն առաջին անգամ ներկայացավ 2017թ.-ին : Խումբն աչքի ընկավ ոչ միայն ամենակրտսեր մասնակցի՝ Արեգի մեծ վարպետությամբ յարխուշտայի կատարմամբ, այլև իրենց յուրօրինակ տարազով:
Գութանի «Տարազի պատմություն» զրուցարանում Արեգ ազգային պարի խումբ/Areg Armenian Folk Dance Troupe-ի հիմնադիր-ղեկավար՝ Արտավազդ Այվազյանն (Artavazd Ayvazyan) է:
Արտավազդը պատմեց, որ խումբն իր գործունեության սկզբնական փուլում տարազ չի ունեցել, բայց երբ շատացել են բազմաթիվ միջոցառումների մասնակցության հրավերները, խումբը լրջորեն անցել է տարազի ստեղծման գաղափարների քննարկմանը:
«Քննարկումները հիմնականում մի քանի տարածաշրջանների տարազների վերաբերյալ էին: Երկար քնարկումների արդյունքում հանգեցինք այն մտքին, որ ստեղծենք անհատական՝ հեղինակային տարազ, որը կլինի ժամանակին համահունչ, սակայն տարազի մոտիվներով», – ասում է Արտավազդն ու հիշում, որ տարազի ստեղծման վերջնական իր տեսլականը ամբողջացրել է Մատենադարանում իր հանդիպած աշխատություններից մեկի շնորհիվ:
«Հրայր Բազեի և Արմեն Քյուրքչյանի համատեղ ստեղծած «Հայկական դրոշմազարդ կտավ» գիրքը կարևոր նշանակություն ունեցավ այս հարցում, որտեղ շատ մեծ աշխատանք էր տարված: Գրքում զետեղված են հայկական ձեռագրերի մեջ դրոշմազարդ աստառները, որոնցից մի մասը, ասում են, որ եղել են արքայական, թագավորական, հոգևորական հագուստներից պատառիկներ», – հիացումով պատմում է բոլորիս հայտնի «Արեգ» խմբի ղեկավար և գուցե քչերիս հայտնի, որպես Մատենադարանի վերականգման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Արտավազդ Այվազյանը, ում շնորհիվ նոր կյանք են ստանում ցեղասպանությունից մազապուրծ եղած, սուրբ մասունք դարձած բազմաթիվ հայկական ձեռագրեր, գրքեր և լուսանկարներ:
«Երբ իմ այս գաղափարը քննարկեցի խմբի անդամների հետ, վերջնական հանգեցինք այն մտքին, որ այո՛, միանշանակ պետք է մեր տարազներում օգտագործենք այդ նախշերը: Անմիջապես կապ հաստատեցի Հրայր Բազեի հետ, ներկայացրեցի տարազի գաղափարը», – ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ Հրայր Բազեի ոգևորությունը ևս մեծ է եղել այս հարցում: Այնուհետև ստացել են նաև Արմեն Քյուրքչյանի հավանությունը, ով էլ խմբին տրամադրել է անհրաժեշտ ֆայլերը, և սկսել են տարազի ձևի և ոճի մոդելավորման աշխատանքները :
«Այդ հարցում մեզ շատ օգնեց «Տերյան» Մշակութային կենտրոնի տնօրեն՝ Լիլիթ Մելիքյանը (Lilit Melikyan), ով այս գործի լավագույն մասնագետներից մեկն է Հայաստանում: Լիլիթի հետ խորհրդակցեցինք և գծեցինք էսքիզների մի քանի տարբերակներ, այնուհետև մեր խմբի անդամներ՝ Անի Ավագյանը, Սոնա Մանուկյանը և Լիանա Հարութունյանը համակարգչով մոդելավորեցին տարազների մի քանի տարբերակներ, սա էլ անցավ քննարկման վերջին փուլը և ընտրվեց վերջնական տարբերակը: Այնուհետև «Տերյան» կենտրոնն իր մեծ թիմով սկսեց իրագործման աշխատանքները»,- ասում է Արտավազդն ու ընդգծում, որ Լիլիթը, իր թիմի հետ միասին, ոչ միայն օգնել է տարազների ստեղծման հարցում, այլև, մշտապես եղել է Արեգ խմբի կողքին:
Տարազների վրա օգտագործված նակարազրդ նախշերը վերցված են Հրայր Բազեի և Արմեն Քյուրքչյանի մեկ այլ՝ «Հայկական զարդարվես» գրքից, որտեղ զետեղված են հայկական մշակութային արժեքների վրա առկա զարդաքանդակները:
«Տարազների ստեղծման հարցում, խորհրդակցել ենք նաև մեր խմբի լավագույն բարեկամ, երգիչ՝ Արսեն Գրիգորյանի (Մրրո)-ի հետ։ Սկզբնական շրջանում տղաների տարազի վրա վեցաթև աստղ էր նկարազարդված, սակայն նրա խորհրդին հետևելով փոփոխեցինք և վերջնական ավարտուն տեսքի բերեցինք, որի համար անչափ շնորհակալ ենք Արսեն Գրիգորյանին, ով մեծ հոգատարությամբ է վերաբերվում մեր խմբին և մեծ ներդրում ունի խմբի գործունեության մեջ»,- ասում է Արտավազդն ու ավելացնում, որ շատ մոտ ապագայում ցանկանում են ստեղծել նոր տարազ: Տարազի տարածաշրջանի, ձևի և մնացած մանրամասների մասին խմբի ղեկավարը դեռևս դժվարանում է խոսել, սակայն հուսով է, որ այդ գործում մասնագետները նորից կաջակցեն և կյանքի կկոչվի նոր տարազ:
«Արեգ» -ն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց ովքեր աջակցել, օգնել, ոգևորել են խմբի կայացման, զարգացման և առաջընթացի անչափ կարևոր հարցերում: