Միգուցե քչերը գիտեն, որ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ստեղծման պատմության հետ անմիջականորեն կապված է ոլորտի նվիրյալ Հաբեթնակ Բաբայանի անունը:
Ծնվել է Շուշիում, 1886 թ. հունվարի 6-ին, դարբին Առաքելի ընտանիքում: Սովորել է Շուշիի դպրոցում, որտեղ նկարչության դասեր է ստացել քանդակագործ Հակոբ Գյուրջյանի եղբոր՝ Գրիգոր Գյուրջյանի արվեստանոցում: Նրա աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին, ինչպես նաև 1933 թ.-ին Փարիզում կայացած ամենամյա միջազգային ցուցահանդեսին: Կրթությունը շարունակելու նպատակով Բաբայանը մեկնել է Պետերբուրգ և ստացել կենսաբանի մասնագիտություն: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես ուսուցիչ Սյունիքի մարզի համայնքներում:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բաբայանը նշանակվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր: Զուգահեռ մասնակցել է Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին՝ ներկայացնելով «Գուսան Աշոտի դիմանկարը», «Գուսան Հավասու դիմանկարը», «Ժող.վարպետ Վահան Հացագործյանի դիմանկարը», «Սայաթ Նովա», «Սասունցի Դավիթ» աշխատանքները:
1934 թ.-ից Բաբայանը նվիրվել է էթնիկ մշակույթի վերածննդին՝ ստանձնելով Հայաստանի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տան ղեկավարի պարտականությունները: Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Եփրեմ Սավայանի, Բաբկեն Քոլոզյանի հետ սկսել է իրականացնել հավաքչական գործունեություն՝ համալրելով ժողովրդական վարպետների ստեղծագործությունների հավաքածուն: Այդ հավաքածուի հենքի վրա էլ 1978 թ.-ին ժողովրդական արվեստի մեկ այլ նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով և Մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:
Հունվարի 6-ին կլրանար Հաբեթնակ Բաբայանի 135-ամյակը: