Ս. թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակին հարող Աբովյան փողոցում կանցկացվի հացի փառատոն: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2013 թվականից մեկնարկած փառատոնն այս տարի կշարունակվի ուշագրավ ու ինքնատիպ դրսևորումներով: Կազմակերպիչն է Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ աշխատանքներին համագործակցող կառույցները` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնը:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են հացարարման գործընթացի ցուցադրություններ. հանրապետության տարբեր քաղաքների հրուշակարանների և հացի արտադրամասերի վարպետներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց պատրաստած հացատեսակները: Միջոցառման շրջանակում հանդես կգան նաև թատերական և պարային խմբեր: Այս տարի հացի տոնը կտեղափոխվի փողոց, կներկայացվեն գյումրեցու ավանդական կենցաղը, արհեստներն ու արհեստավորական ավանդույթները, Ալեքսանդրապոլ-Գյումրու՝ հին քաղաքի երևելիների թատերականացված կերպարները (Ձիթողցյաններ, Ծաղիկյաններ, Քյանդարովենք, Խոյեցոնք, Քեշիշյաններ, Դրամփյաններ, Սանոյաններ, Կարայաններ, Սելյանովներ)՝ կենսապատումներով և պատվանուն տոհմածառերով:
Հացի փառատոնը, հատկապես, արժևորվում է նրանով, որ «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» մշակութային տարրը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Փառատոնի նպատակն է նպաստել հացարարման առանձնահատուկ նշանակություն ունեցող ժողովրդական սովորության պահպանմանն ու տարածմանը, տեղեկություններ հաղորդել հացի ստեղծման պատմության, ժողովրդի սովորութամշակութային կենցաղում մշտապես գոյություն ունեցող հացի պաշտամունքի ու հավատալիքների վերաբերյալ:
Միաժամանակ կարևորվում են մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը: