Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00–ին, «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ծրագրի մասնակիցների 50 լավագույն աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Ծրագրի ընթացքում Ալավերդի համայնքում տեղի են ունեցել կարպետագործության և գորգագործության դասընթացներ՝ ներգրավելով համայնքի բնակիչներին՝ առանց տարիքային սահմանափակման։ Ուսուցանվել են կարպետագործության և գորգագործության տարբեր տեխնիկաներ՝ նպաստելով համայնքում դրանց պահպանությանը, փոխանցմանն ու համայնքի անդամների սոցիալական ներգավվածությանը։ Համայնքի լայն մասնակցությունն ապահովելու նպատակով տեղի են ունեցել ինտերակտիվ տեղեկատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվել են հայկական կարպետների և գորգերի ստեղծման, ծագումնակաբանական, զարդանախշային և այլ առանձնահատկություններ:
Ծրագրի նպատակն էր Լոռու մարզի Ալավերդի համայնքում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, նպաստել հայկական գորգարվեստի և կարպետագործության գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, համայնքի սոցիալականացմանը, մշակութային և տնտեսական աշխուժացմանը, ստեղծագործականություն ու եկամուտներ գեներացնելու հնարավորությունների ընդլայնմանը: