2022 թ․ մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում անցկացվող «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը մասնակցում է որպես պատվավոր հյուր։
Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից 2003 թ․-ից անցկացվող հեղինակավոր այս փառատոնին մասնակցում են աշխարհի ավելի քան 30 երկրներ։ Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցում է առաջին անգամ:
«Շարժայի ժառանգության օրեր» փառատոնը համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրվում է որպես պատվավոր հյուր, և տվյալ երկրի մշակութային ժառանգությունը լինում է փառատոնի առանցքում։
Հայաստանը, որպես պատվավոր հյուր, հանդես է գալիս առանձին մեծ տաղավարով, որի 12 սրահներում տասնինը օր շարունակ կներկայացվի հայկական մշակութային ժառանգությունը` ձեռագրարվեստ, մանրանկարչություն, ժողովրդական արհեստներ (գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտարվեստ, խաչքարագործություն, խեցեգործություն, տիկնիկագործություն), հայկական տարազ («Տերյան մշակութային կենտրոնի» կողմից): Հայաստանի ժողովրդական վարպետները կանցկացնեն նաև տարբեր արհեստների վարպետության դասեր։ Փառատոնի ընթացքում կհնչեն հայկական մեղեդիներ, կլինեն հայ ժողովրդական պարերի կատարումներ․ հայկական պատվիրակության կազմում են «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը և «Կայթ» բենդը։ Կներկայացվեն Հայաստանի մշակութային զբոսաշրջությունը, բնության ժառանգությունը, նորարարական տեխնոլոգիաները։ Տեսաֆիլմերի միջոցով շարունակաբար կներկայացվեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները (դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը, քոչարին, Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը)։ Փառատոնի շրջանակում կգործի հայկական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կներկայացվի հայկական ավանդական խոհանոցը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-կողմից:
Միջոցառումն իրականացնում և համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ։ Ժողովրդական արվեստների թանգարանը պատիվ ունի փառատոնի հայկական տաղավարում ներկայացնելու հայ ժողովրդական արվեստն ու ավանդույթները, ինչպես նաև ցուցահանդես-վաճառքի համար նախատեսված՝ հայ ժողովրդական վարպետների ձեռքի աշխատանքը։
Սա լավ հնարավորություն է՝ ինչպես հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման, այնպես էլ նոր համագործակցությունների և մշակութային երկխոսության ամրապնդման ու զարգացման համար։