Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հինգ ոչ նյութական մշակութային արժեք կազմակերպության ցանկում ընդգրկելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նշել է ՀՀ մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը:
«Զարմանալի է, թե ի՞նչ աղբյուրի հիման վրա են լրատվամիջոցները նման եզրակացության եկել: Իրականում 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագիծն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվում է, լրացում է կատարվում: Արդյունքում ցանկում ընդգրկվել է հինգ ոչ նյութական մշակութային արժեք, որոնք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»: Մինչ այդ ցանկում ընդգրկված էր յոթ արժեք: Դրանք են «Կարոս խաչ» վիպերգը, «Լարախաղացությունը (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգերը», «Ավետիսը», «Խաչբուռը», «Ասեղնագործությունը», «Բարեկենդանը»,-ներկայացրեց Կիլիչյանը:
Նա շեշտեց, որ ՀՀ կառավարությանը ներկայացված այդ փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ գրված է, որ ցանկերի թարմացման հեռահար նպատակն այն է, որ հետագայում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայով որևէ արժեքի մասին Հայաստանը հայտ ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ, այդ արժեքը գրանցված լինի Հայաստանի պետական ցանկերում։
Մասնագետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ին են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն:
Նաիրա Կիլիչյանը պատմեց, որ ՀՀ-ում գոյություն ունի պետականորեն սահմանված ոչ նյութական մշակութային ժառանգության օրենքի հիման վրա սահմանված երեք ցանկ։
«Առաջինում ընդգրկվում են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքները, մյուս ցանկում՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները, երրորդում ՝ մշակութային տարածքները, որոնք կենսունակ են և որտեղ միջավայր է ստեղծվել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության համար: Այս կամ այն արժեքի այդ ցանկերում ընդգրկվելու առաջարկները նախարարությունը հիմնականում ստանում է ՀՀ քաղաքացիներից, հասարակական կազմակերպություններից, տարբեր գերատեսչություններից, պետական կազմակերպություններից: Հայաստանը յուրաքանչյուր երկու տարին մեկ ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայով ՅՈՒՆԵՍԿՕ հայտեր է ներկայացրել: 2008-ին եղել է «Դուդուկն ու դրա երաժշտությունը», 2010-ին՝ «Խաչքարը», 2012-ին՝ «Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները», 2014-ին՝ «Լավաշը», 2017-ին ներկայացվել է «Քոչարի ավանդական խմբապարը»: Այս տարվա համար նույնպես հայտ ենք ներկայացնելու: Դեռ փակագծերը չեմ բացի»,-եզրափակեց մասնագետը:
ՀՀ կառավարության փետրվարի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 5-ով. դրանք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ» արժեքները: Մինչ այդ ցանկում էր 7 արժեք` «Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան»։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:
Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով»:
Անժելա Համբարձումյան