Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Երեւանի մանկական զբոսայգում մարտի 31-ին անցավ Զատկի տոնին նվիրված բազմազան միջոցառումներով, տոնածիսական արարողություններով, ազգային երգ ու պարով, բազմապիսի զատկական հետաքրքիր խաղերով, հուշանվերային և արհեստագործական արտադրանքի բազմաթիվ նմուշների ցուցադրություններով։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին անվանի ժողովրդական վարպետներ, պարային և այլ երաժշտական խմբեր, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոնի մարզային մասնաճյուղերի սաներ։ Երեխաները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց ձեռագործ աշխատանքները, միաժամանակ մասնակցելու վարպետաց դասերի և կրթական դասընթացների։ Ծրագրում ՝ մանրանկարչության, կերպարվեստի, կարպետագործության, փայտագործության, թաղիքագործության եւ խաչքարագործության վարպետաց դասեր, ազգային երգ ու պար, զատկական թեմատիկ խաղեր, զատկական ձվի ներկման արարողություն, ժողովրդական արհեստագործական վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, «Արար» ազգային արվեստի կենտրոնների սաների ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, գունեղ եւ զվարճալի խաղային անկյուն փոքրերի համար, «Էկոկրթարան»
էկոլոգիական կրթության կենտրոնի «Պահպանիր բնությունը` վերօգտագործի’ր» աշխատարան, որի ընթացքում մասնակիցները թափոններից պատրաստեցին փոքրիկ հուշանվերներ, «Էնկի» ստվերների շարժական թատրոնի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» ստվերային ներկայացում եւ ստվերախաղի տիկնիկների պատրաստում ու փորձարկում, «Հայը կա» թատերախմբի «Երազանքի թևով» ազգային ինտերակտիվ ներկայացում, ուսուցողական, թեմատիկ եւ հետաքրքիր վիկտորինաներ պատանիների համար։
Միջոցառմամբ տրվեց «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագրի մեկնարկը։ «Հայը կա» հասարակական կազմակերպությունը «Արատտա» ծրագիրն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների հետ՝ «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան», «Կենաց տուն» մշակութային ՀԿ, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ, «Միհր վոյաժ» զբոսաշրջային գործակալություն, «Սատուրն Ա» (Երևանի մանկական զբոսայգի) ՍՊԸ և Երևանի քաղաքապետարան։