Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք:
Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ Ժամը 18:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն տվյալ թեմաներով Սրվանձտյանի ուսումնասիրության առարկա դարձած նյութերը։
Նրա ձեռագրերի և տպագիր աշխատությունների հետ մեկտեղ՝ կցուցադրվեն նաև աշխարհահռչակ գեղանկարիչներ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի և այլ նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները։ Ժամը 19:00-ին միջոցառումների շարքը կեզրափակվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի, Կոմիտասի անվան ազգային քառյակի և «Արտասաքս» սաքսոֆոնային քառյակի մասնակցությամբ։
Նախագիծն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային գրադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։