
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության համակարգման ոլորտներում մեքսիկական կողմի հետ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ընդգծվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի և Մեքսիկայի «Թարգմանությանն աջակցող ծրագրի» միջև համագործակցության խթանման հնարավորությունը:
Կարևորվել են նաև հայ-մեքսիկական հարաբերությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման բնագավառներում զարգացնելու, մասնագիտական որակավորմանը և փորձի փոխանակմանը նպաստելու, երկու երկրների միջև թանգարանային համագործակցությանն աջակցելու, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով ժողովրդական ստեղծագործության ցուցադրություններ, վարպետաց դասեր և թեմատիկ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունները: