Գիտե՞ք արդյոք` ինչ խաղեր էին խաղում ձեր նախնիները, հիշո՞ւմ եք ձեր ամենասիրելի բակային խաղը, հետաքրքրվո՞ւմ եք արդյոք՝ ի՞նչ խաղեր են այսօր բակում խաղում երեխաները։
Սեպտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին եկե՛ք Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (ք. Երևան, Աբովյան 64)՝ միասին հիշելու մեր ավանդական խաղերը, քննարկելու, նաև՝ խաղալու։ Այո՛, եկե՛ք ձեր երեխաների, ընկերների կամ հարևանի հետ միասին. մի քանի խաղ ենք սովորելու և խաղալու։
«Հենքի» անդամները կպատմեն նաև այս տարի Գեղարքունիքի մարզում իրականացրած իրենց բանահավաքչական աշխատանքների որոշ հետաքրքիր դրվագներ։ Կցուցադրվեն հատվածներ մեր աշխատանքների ընթացքում արված տեսանյութերից, հատվածներ՝ միջին և ավագ սերնդի պատումներից։
Մեր եղած բոլոր գյուղերում՝ անկախ տարիքից և զբաղվածությունից, մարդիկ սրտաբաց կիսվել են իրենց հիշողությամբ, իմացությամբ, և մենք մեր մասնագիտական պարտքն ենք համարում այն փոխանցել ձեզ, հանրայնացնել մեդիահարթակներում, ուսումնասիրության նյութ դարձնել գիտության համար, նոր ու թարմ շնչով փոխանցել եկող սերնդին։ Մշակույթը կենսունակ է այնքան ժամանակ, քանի դեռ այն կրող և փոխանցող կա։
«Հենք» գիտամշակութային ՀԿ