Ս. թ. մայիսի 14-21-ը «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ը:
2016 թ. սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Ճապոնիա, Նիդերլանդեր, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Բելառուս, Եգիպտոս), ինչպես նաև ներկայում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» և Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը:
Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայկական խաչքարերի և զարդաքանդակների ստեղծման, ինչպես նաև կավե անոթների պատրաստման ստեղծագործական գործընթացներին: Խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող այդ կավե նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը:
«Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ի բացումը տեղի է ունենալու ս. թ. մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության տարածքում:
Սիմպոզիումի իրականացումը լայն հնարավորություն է ընձեռում միջմշակության փոխանակման, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար: