ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի մշակութային կրթական հաստատություններ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ՝ մասնակցելու գիտելիքի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումներին:

 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում՝ շուրջ մեկամյա հիմնանորոգումից հետո, կրկին դռները կբացի ավելի քան 600 աշակերտի առջև: Դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին՝ ստանձնելով հայկական երաժշտարվեստի և երաժշտական կրթության դարբնոցի առաքելությունը:
 

Երևանի պարարվեստի պետական քոլեջը միակ մասնագիտացված մշակութային կրթօջախն է, որի սաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ «Դասական պար» և «Ժողովրդական պար» մասնագիտությունների գծով: 2016 թվականի օգոստոսից, պետբյուջեի միջոցներով իրականացվում է քոլեջի հիմնանորոգումը, որն ավարտին կհասցվի տարեվերջին, իսկ քոլեջի պատուհանների փոխարինումն այս ամռան ընթացքում իրականացրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, որը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել նաև տանիքի ջերմամեկուսացման և մուտքի դռների փոխարինման աշխատանքները:

Comments are closed.