«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիր

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիր

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր ծրագիրը:
Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել են արտերկրում գործող մոտ 500 գրադարաններ, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ:
Ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապատկերներից և բառամթերքներից, ինչը հնարավորություն է տալու ընդլայնելու ոչ միայն ոլորտն ուսումնասիրող մասնագետների շրջանակը, այլև ընթերցողական բազմաշերտ լսարանները:
Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կամ չկան, կամ խիստ սակավ են:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով վերը նշված խնդիրներին, ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը նախևառաջ տեղեկատվական քաղաքականություն է, և միայն տիրապետելով ու կառավարելով տեղեկատվական հոսքերը՝ հնարավոր է բարձրացնել, ամրապնդել ճանաչելիության մակարդակն այդ դաշտում:
«Ուսումնասիրելով դաշտում առկա խնդիրները՝ 2022 թվականին ներմուծել ենք «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր անվանակարգը, ինչպես նաև դրամաշնորհային այլ ծրագրերով ևս հրատարակել ենք շուրջ 10 անուն գիրք: Հրատարակվել է կարևոր մի սկզբունքով. դա պետք է լինի հանրամատչելի: Լուրջ ուշադրություն ենք դարձրել ձևավորմանը և ոճին: Այժմ քննարկում ենք ինչպես տպագիր գրքի տարածման, այնպես էլ այդ տեղեկատվությունը թվային տիրույթում դիրքավորելու ուղղությամբ»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ հրատարակվել է մեծ անհրաժեշտություն ներկայացնող գրականություն, այդ թվում՝ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն օտարազգի ընթերցողին, մասնագետին երբևէ հասանելի չի եղել և գալիս է լրացնելու հսկայական մի բաց՝ մեծանուն արվեստագետի կյանքին և գործունեությանը վերաբերող:
Արա Խզմալյանը մատնանշել է նաև հայկական հնագիտական արժեքները, որոնք նույնպես օտարալեզու հանրությանը ներկայացված չի եղել, և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել է բարձր չափանիշներով ներկայանալի հրատարակություն: Հրատարակվել է նաև Ալ. Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը նվիրված օտարալեզու պատկերագիրք՝ հարուստ արխիվային նյութերով:
Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները. Արցախի պատմամշակութային ժառանգություն (ներառյալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), hայկական գորգարվեստ (նաև ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում:
Նշենք, որ 2022 թվականին «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է արդեն 5 անուն գիրք. «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք- ուսումնասիրություն (ֆրանսերեն), «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն), «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն), «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերեն):
«Այս հրատարակությունները կարևորվում են նաև նրանով, որ տվյալ երկրների քաղաքացիները իմանան, թե հայկական մշակութային ժառանգության ինչ հավաքածուներ են առկա իրենց մշակութային օջախներում, իսկ հարգանքը ցանկացած ժողովրդի և նրա մշակույթի հանդեպ սկիզբ է առնում ճանաչողությունից: Այսինքն՝ բարձրացնելով իրազեկվածության մակարդակը Հայաստանի և Հայաստանից դուրս թանգարանային, գրադարանային ֆոնդերում պահվող և տարբեր հարթակներում ներկայացված արժեքների մասին՝ հաստատում են հնչեցրածս այն միտքը, որ մշակութային քաղաքականությունը տեղեկատվական քաղաքականություն է»,- շեշտել է նախարարի տեղակալը և տեղեկացրել, որ Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար այս ծրագիրն իրականացվելու է նաև 2023 թվականին և լինելու է շարունակական:

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *