ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով: Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացվել են ոչ նյութական մշակութային արժեքների 13 առաջարկներ.
- Մանրանկարչության արվեստ,
- «Անանա նան քյե ղուրբան» երգ,
- «Սև սար» երգ,
- Տոլմա
- Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ
- Տավուշի մարզի համայնքներում
- Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ
- Տավուշի մարզում,
- Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում,
- Տոմաստ
- Քյավառի փախլավա
- ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի պանրագործությունը
- ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ժողովրդական ճարտարապետությունը
- Ասեղնագործություն
- Տնկարանային տնտեսություն (տնկարանի արտադրանքի տեխնոլոգիա և իրացում):
Առանձին-առանձին անդրադառնալով ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման առաջարկներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները: Առաջարկները քննարկելիս խորհուրդը հատկապես կարևորել է դրանց լրամշակումը, մանրամասն նկարագրությունը, կենսունակ և կիրառելի մշակութային տարր լինելու հանգամանքը: