“Today Art Initiative” կազմակերպությունը “Pariahs: Performing Europe’s Historical Memory” նախագծի շրջանակներում, սկսել է համատեղ ստեղծագործման աշխատարաններ և վարպետության դասեր Այնթափ գյուղում:
Հոկտեմբերի 20-ին Այնթափ գյուղում տեղի ունեցավ ժանեկագործության աշխատարանը՝ Վանիա Մսրիէի ղեկավարությամբ: Աշխատարանի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հայկական ժանեկագործության հմտություններին ու համատեղ ներդրված ստեղծագործական ջանքերով ստեղծել մեկ ընդհանուր աշխատանք:
Հայկական ժանյակը հայ ժողովրդի հետ անցել է բազմաթիվ փորձություններ, պահպանել իր պարզությունն ու հասել մեր օրեր: Նյութի մատչելիության, գործիքների համեմատաբար պարզ ձևերի, դրա հետ մեկտեղ՝ գեղարվեստական արտահայտչության լայն միջոցների շնորհիվ ժողովրդի մոտ լայն տարածում ստացած և սիրված զբաղմունքներից մեկն է եղել։ Նուրբ ասեղնագործ ժանյակներում պահպանվել են տիեզերքի, բուսական ու կենդանական, երկրաչափական հնագույն զարդամոտիվներ, գրպանիկներ և այլն :
Վանիա Մսրիէ Գարաճեանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրա նախնիները գաղթել են Կիլիկիայի Այնթափ քաղաքից: Ասեղնագործության ու ժանեկագործության սերը Վանիայի մեջ սկսել է փոքր տարիքից։ Ինքնաշխատությամբ և դժվարությամբ հայկական ասեղնագործության (Մարաշ, Սվազ, Այնթապ, ՈՒրֆա, Քիլիս, Վանի ժանյակ ևայլն) գաղտնիքները յուրացնելով, Վանիան այսօր ունի իր անձնական ապրանքանիշը՝ Վանարթ Ձեռարվեստ անունով, որը, բացի ձեռքով ասեղնագործությունից, հայկական նախշազարդերը կիրառում է համակարգչային մեքենայով։