Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) որոշել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին ու նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրին, Ռաուլ Վալենբերգի անվան մեդալ շնորհել:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, հեղինակավոր մրցանակը կշնորհվի ի նշան Ազնավուր ընտանիքի՝ ընտանիքի հոր՝ Միշայի, մոր՝ Քնարի ու նրանց 2 զավակների հանդեպ հարգանքի, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի՝ նացիստական ռեժիմի կողմից շրջափակման մեջ լինելու դաժան օրերին օգնել են ֆաշիստների կողմից հալածվողներին:
Ազնավուրների ընտանիքը շատ մտերիմ է եղել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ ու, վտանգելով կյանքը, իր փարիզյան բնակարանում ապաստան է առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին:
Համերաշխության ու քաղաքացիական քաջության մասին այս պատմությունը Շառլ Ազնավուրը փոխանցել է Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով նեղ մասնագետ, հրեա պրոֆեսոր Յաիր Արոնին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վալենբերգի անվան մեդալի շնորհման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Իսրայելի նախագահի նստավայրում:
Հայտնի է, որ Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը, մինչդեռ Աիդան չի կարողանա ներկա գտնվել շնորհման արարողությանը: