«Ուդուլի» տոլմայի 11-րդ փառատոնը տեղի ունեցավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Այս տարի փառատոնն ուներ 27 մասնակից թիմ, ներկայացված էին ավանդական եւ հանրության լայն շերտին անծանոթ տոլմայի ավելի քան 70 տեսակ՝ ձկան, կարտոֆիլի, կանեփով։
Թիմերից մեկը պատրաստեց 193 մետր երկարությամբ տոլմա՝ գերազանցելով նախորդ փառատոնի ցուցանիշը, որտեղ պատրաստվել էր 100 մետր երկարությամբ տոլմա:
Ժյուրին որոշեց «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» անվանակարգերում հաղթողներին, իսկ այցելուների քվեարկությամբ որոշվեց լավագույն տաղավարը:
Փառատոնին մասնակցում էին ռեստորաններ, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, ուսումնական հաստատություններ, անհատներ:
Այս տարին յուրահատուկ էր նաեւ բազմազանությամբ. որոշ տաղավարներում տեղի ունեցան ինչպես տոլմայի, այնպես էլ փախլավայի, լավաշի թխման, կավագործության, ծաղկի թերթերից թղթի պատրաստման եւ այլ վարպետաց դասեր։
Ամբողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, քոչարու վարպետաց դասով։
Փառատոնը կազմակերպվել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի կողմից՝ Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ։