Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները:
Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:
Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացներին կարող են գրանցվել նաև փորձաքննության մասին 2019 թ. տեսական գիտելիքներ ստացած մասնակիցները, որոնք ծանոթացել են մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության մի շարք ճյուղերի:
Դասավանդման նյութն ընդգրկելու է գեղարվեստական գործվածքի (գորգ, կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ: Դասընթացի ավարտին տրվելու է մասնակցության հավաստագիր:
Դասընթացի համակարգողն է պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը, դասընթացավարները՝ կենտրոնի հավատարմագրված փորձագետները:
Ծրագիրը հոկտեմբերի 6-ից կմեկնարկի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64՝ Աբովյան պուրակ):
Մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 011-29–71-18 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին և կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/expertisecentre/: