Ինչպես են ստեղծվում արհեստները

The Birth of Crafts

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հայ ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Թանգարանի հավաքածուն (շուրջ 12.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, գորգագործության և կարպետագործության, ասեղնագործության և ժանեկագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ:
Թանգարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին նվիրված, հանդես է գալիս «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրով։ Ծրագրի շրջանակում ստեղծվում է 6 կարճամետրաժ (1-2 րոպե տևողությամբ) անիմացիոն ֆիլմ՝ stop-motion և անիմացիայի այլ տեխնիկաներով։ Ֆիլմերը ներկայացնելու են հայաստանյան ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող ժողովրդական արհեստները և դրանց հետ կապված հմտությունները․ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ, դարբնություն, խեցեգործություն։
Անիմացիոն տեխնիկաները թույլ կտան կենդանացնել ժողովրդական արվեստի նմուշները, և արդյունքում դիտողի համար առավել գրավիչ դարձնել դրանք։ Անիմացիոն ֆիլմերում կներկայացվեն հայկական ժողովրդական արհեստագործության նմուշների ստեղծման փուլային ընթացքը, հիմնական զարդանախշերը, ինչպես նաև հակիրճ պատմական ակնարկ։ Հսկայական աշխատանք է տարվում՝ անիմացիայի մի քանի վայրկյանում մեծ պատմություն ունեցող հայ ժողովրդական արվեստի հնարավոր կարևորագույն կետերը ցուցադրելու և դիտողի սրտին փոխանցելու համար։
Զարդանախշերը, կրելով որոշակի բովանդակային տարրեր, հաճախ են կրկնվում հայկական ժողովրդական արվեստի տարբեր նմուշների վրա՝ լինի դա փայտ, կավ, մետաղ, թե տեքստիլ, և այս կարճամետրաժ ֆիլմերի համադրումը թույլ կտա տեսնել այդ ընդհանրությունները՝ ընկալելով հայկական մշակույթն իբրև մեկ ամբողջական համակարգ։

Անիմացիոն ֆիլմերն արտադրական գործընթացի ավարտից հետո կարող են տարածվել տեղի և արտերկրի հասարակության լայն շրջաններում, դուրս գալ Ժողովրդական արվեստների թանգարանի սահմաններից՝ որպես կրթական ցուցադրանյութ ծառայելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության տարբեր հաստատություններում, հանդես գալ որպես Հայաստանի զբոսաշրջային գրավչության մշակութային կողմը ցույց տվող նյութ, ցուցադրվել հեռուստատեսությամբ, տարբեր միջազգային էքսպոներն ու այլ միջոցառումներն ուղեկցող էկրաններին՝ կարճ, մատչելի և գրավիչ ներկայացնելով ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր։
Ձայնային և տեսողական գրավիչ նյութը, և հատկապես անշունչ առարկաներին նոր կյանք տվող անիմացիան գրավիչ են ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։
Այս մեթոդի կիրառմամբ հնարավոր կլինի մեծ թվով մարդկանց գրավիչ կերպով «պատմել» հայկական հարուստ մշակույթի, մասնավորապես ժողովրդական արհեստագործության մասին։
Հայկական ժողովրդական արվեստի մեկ նմուշը՝ օրինակ գորգը, կարող է պատմել մի ամբողջ պատմություն, որն էլ փոխանցվում է սերնդեսերունդ և կազմում հայ ինքնության անձնագրերից մեկը։

Comments are closed.