Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանի գորգերի հավաքածուն համալրվեց ևս մեկ արժեքավոր նմուշով։ Բրդյա գորգն աչքի է ընկնում թելերի բարձրորակ մանվածքով, ամուր հյուսվածքով, զարդապատկերների և գույների գեղեցիկ համադրությամբ։ 19-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող Շամախու գորգը (Հայկական Շիրվան) պատկանել է Հին Բայազետից ներգաղթած երևանաբնակ Բանդուրենց Անահիտին` «Կեծակ Աղոյի» տոհմից: Գորգը թանգարանին նվիրեց Բանդուրենց Անահիտի ծոռնուհի Կարինե Հովիկի Խորասանյանը։