Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ասեղնագործության վարպետներին ցուցադրության բացման առթիվ և կարևորեց, որ նրանք կարողացել են պահպանել հայ ժողովրդի մշակույթի մի ճյուղը՝ չնայած ժողովրդի նախկին և ներկա ծանր ճակատագրի։
«Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում, հանձին ձեզ՝ ունի և կունենա իր շարունակությունը»,-նշեց ՀԹՄՄ նախագահն ու կարևորեց նաև ասեղնագործության վարպետների մանկավարժական գործունեությունը տարբեր հաստատություններում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարևորեց ասեղնագործության վարպետների գործն ու առաքելությունը՝ նշելով․ «Ձեր կերտածը մեր նախնիների հիշողության նորովի դրսևորումն է, այն հիշողության, որ փորձեցին ջնջել 1915 թ-ին և դրանից հետո։ Այդ հիշողությունը, ի դեմս ձեզ, որպես սերմնահատիկ, ծլարձակեց և ժողովրդին վերադարձրեց իր կորսված ասեղնակարը, ստեղծագործությունը․ առանց այս ասեղնակարերի և խորհուրդների, մեր ինքնության մի սյուն կփլվի»։
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հավելեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագն է, որ պահպանվեն և սերնդեսերունդ փոխանցվեն դարերի հոլովույթում ժողովրդի կյանքում ձևավորված նման ազգաշեն ավանդույթները։
Ցուցադրության բացմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի Արաբական Հարապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ և արվեստասերներ։
Արվեստաբան, գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը նկատում է՝ սիրիահայերի վերադարձը հայրենիք նոր շունչ բերեց, նոր մթնոլորտ ձևավորեց․ «Եթե մինչ օրս սիրիահայերը զբաղվում են ասեղնագործությամբ, պարտական ենք Սիրիային, որտեղ արդիական գործարանների կողքին մեծ տեղ ուներ արհեստագործությունը, դրանում՝ մեր հայրենակիցները»,-հավելեց արվեստաբանը։