Հոկտեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի անտիկ շրջանի կարասային թաղումների մշակույթը» խորագրով բանախոսություն, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը։ Բանախոսության ընթացքում ներկայացվեցին ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գիտական թեմայի հետազոտության ընթացքն ու արդյունքները, կարասային թաղման ծեսի առանձնահատկությունները, բնութագրական գծերը և տարածման սահմանները: Բանախոսը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված կարասային թաղումներին, որոնք ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանում գործող «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» ժամանակավոր ցուցադրությունում։