Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին:
Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:
Ցուցադրվելու են գորգեր (բուրդ, մետաքս) և ասեղնագործ նմուշներ, անցկացվելու են գորգագործության վարպետության դասեր, լինելու են շրջայցեր VR ակնոցի միջոցով, ինչպես նաև ներկայացվելու է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի կրթական նախագիծը՝ 3D տպիչների միջոցով:
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանից հանդես կգան «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժշտական խումբն ու պատանի քանոնահարները: Պատանի երաժիշտները նախատեսվող համերգին կներկայացնեն դասական և ազգային ստեղծագործությունների կատարումներ: