Հոկտեմբերի 19–30-ն ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով։ Այստեղ ամեն օր հանրությանը ներկայացվում են մշակութային, կրթական, երիտասարդական և սպորտային ծրագրեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանն այցելել են մարզահամերգային համալիր, շրջել նախարարության տաղավարում, ինչպես նաև մշակութային այլ հարթակներում, ծանոթացել ներկայացված նախագծերին ու բնապահպանական-մշակութային նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալները շեշտադրել են, որ արվեստը, մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն երիտասարդների շրջանում բնապահպանական մտածողություն ձևավորելու առումով:
ԿԳՄՍ նախարարության տաղավարում հոկտեմբերի 20-ին ոլորտային ներկայացումներով հանդես են եկել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ու թատերահամերգային կազմակերպությունները։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ներկայացել է «Բնության կոդերը. բույս, թել, փայտ, կավ, մետաղ» խորագրով ցուցադրությամբ, Հայաստանի պատմության թանգարանը՝ «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» նախագծով, Երվանդ Քոչարի թանգարանը՝ «Արարչագործություն և մարդկային վերափոխում» թեմատիկ ծրագրով։ «Սևան» երիտասարդական ակումբը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, տարածաշրջանի ժողովրդական երգերն ու պատմությունները, ինչպես նաև Սևանի ավազանի ձկնորսական մշակույթը՝ ֆիլմերի, էլեկտրոնային ու տպագիր գրականության միջոցով։
Փոխնախարարները շրջել են նաև Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի առանձին տաղավարում:
Նախարարության տաղավարում իրենց ստեղծարար ուղղություններն ու միջոցառումներն են ներկայացրել Երևանի խամաճիկների պետական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Արամ Խաչատրյան հիմնադրամը, Կապանի փառատոնը, «Ֆեյշն Սկաուտ» ստեղծարար նախաձեռնությունը:
Հոկտեմբերի 20-30-ը Կանաչ գոտու տարբեր հարթակներում անցկացվող մշակութային բազմաբնույթ ծրագրերի միջոցով ներկաները բացահայտում են արվեստի, մշակույթի և ստեղծագործական ինքնարտահայտման բազմազանությունը: