Կազմակերպչական երկար աշխատանքներից հետո Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում վերջապես մեկնարկում է «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրը։ Նոյեմբերի 2-ին Խաչիկի Մշակույթի տանը տեղի կունենա «Արև է ելել»-ի բացման միջոցառումը։ Համայնքի բնակիչներին կներկայացվի ծրագիրը, նրանց՝ ծրագրում ներգրավվածության բոլոր ուղղությունները։ Դե, իսկ պաշտոնական բացումից հետո արվեստագետներն իրենց համերգով սկիզբ կդնեն համայնքային տոնախմբությանը։ «Կաթիլ» բենդ, «Ճարտար» ակումբի երգչախումբ, Վարդուհի Թորոյան, «Թագպար» նվագախումբ, «Մենք» ազգագրական պարի խումբ. ազգային երգ ու պարի մշակույթը ներկայացնող այս խմբերի ու անհատների մասնակցությամբ համերգով կմեկնարկի «Արև է ելել» ծրագիրը: