Ավանդական ձիախաղեր

1,2,3

Ձիախաղերը հայկական ժողովրդական մշակույթին բնորոշ խաղեր են։ Հայտնի են տարատեսակ հեծյալ խաղեր՝ նիզակախաղեր, հեծյալ մրցումներ, ձիարշավներ, կառարշավներ, թիմային եւ անհատական հեծյալ մրցումներ եւ այլն: Հեծյալ խաղերի համար ձիերն անցնում են հատուկ ֆիզիկական պատրաստություն, որի արդյուքնում ընտրվում են ամուր նժույգները: Ձիախաղերը հանդիսանում են հայ ժողովրդի պատմության, մշակույթի, կենցաղավարության բաղկացուցիչը եւ ժողովրդական տոնախմբությունների անբաժանելի մասը: Անցյալում խաղացվել են ժողովրդական տոների, ուխտագնացությունների, հարսանեկան հանդեսների ժամանակ, ինչպես նաեւ հանդիսացել երիտասարդության մարտական պատրաստության միջոց: Ձիախաղերը մեզանում ունեցել են ծիսական ընդգծված գործառույթ: Հայ ժողովրդի բանահյուսական մշակույթում, հրաշապատում հեքիաթներում, «Սասնա ծռեր» էպոսում պահպանվել են ձիախաղերի մասին նկարագրություններ, երբ ծիսական մրցախաղերում հաղթողը` գործի դնելով ձիավարության հմտությունները, նվաճում է հարսնացուի սիրտը` ներառյալ նաեւ վերջինիս հոր թագավորությունը, կամ գոնե դրա կեսը:
Հայերն ունեցել են ձիաբուծության հնագույն ավանդույթներ, ինչի վկայությունն են Թեյշեբաինիի պեղումների արդյունքները, որտեղ հայտնաբերվել են երկու ցեղատեսակի ձիերի կմախքներ։ Ավանդույթի մասին են վկայում նաեւ հայ եւ հույն պատմիչների հիշատակումները, մասնավորապես հայկական հեծելազորի՝ այրուձիի մասին: Բնականաբար հայերն ունեցել են նաեւ ձիախաղերի հարուստ մշակույթ: Ըստ ազգագրագետ Վ. Բդոյանի ձիա-խաղերը հայտնի են եղել պատմական Հայաստանի ամբողջ տարածքում: Կենսունակ են եղել մինչեւ 20-րդ դարի 30-ական թթ., սակայն ինդուստրիալ եւ քաղաքաշինական զարգացումներին զուգահեռ աստիճանաբար մոռացության են մատնվել։ Ավանդույթի հիշողությունը, հիմնականում պահպանվել է Երեւանում գործող ձիարշավարանի գոյության շնորհիվ, ուր մինչեւ 20-րդ դարի 50-ական թթ. ցուցադրվել են այդ խաղերը: Այնուհետեւ ձիախաղերը վերականգնվել են 20-րդ դարի 80-ական թթ. սկզբին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Այրուձի» հեծյալ արշավախմբի կողմից, որը հեծյալ արշավների իրականացման միջոցով դրանք տարածում էր Հայաստանի տարբեր համայնքներում եւ գյուղերում, ինչպես նաեւ հանրահռչակում գյուղական եւ քաղաքային տոնակատարությունների ընթացքում:
Ներկայում վտանգված է ձիախաղերի ավանդույթը։
Տարրի հիմնական կրողն ու պահպանողը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բնակիչներն են եւ «Այրուձի» հասարակական կազմակերպությունը։

Comments are closed.