«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հաջողությամբ հանդես է եկել Ռումինիայում և Սերբիայում տեղի ունեցած միջազգային ֆոլկլորային փառատոններին
Ս. թ. հուլիսի 31-ից օգոստոսի 19-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրմենիաՍեիՍփեյն» մշակութային ասոցիացիայի ու «Վարք Հայոց» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը մասնակցել է Ռումինիայի Հանրապետության Պիատրա Նեամց և Կալարաշի, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության Պիրոտ քաղաքներում իրականացվող միջազգային ֆոլկլորային փառատոններին: «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2013 թ.՝ հայկական մշակույթը պահպանելու, տարածելու և հետագա սերունդներին փոխանցելու գաղափարներով լեցուն մի խումբ երիտասարդների կողմից: Հիմնադրման առաջին իսկ օրից խումբն իր առջև խնդիր է դրել կենսունակ պահել ավանդական երգն ու պարը, վարքն ու բարքը, մոռացված ծեսերն ու ավանդույթները:
Նշյալ փառատոներին մասնակցել են շուրջ 16 երկրի ֆոլկլորային խմբեր, որոնց շարքում «Վարք Հայոց» խմբի ելույթներն արժանացել են կազմակերպիչների և հանդիսականնների բարձր գնահատականին և դիպլոմներին։
Փառատոնի համերգային ծրագրերը տեղի են ունեցել ոչ միայն նշված քաղաքներում, այլև դրանց հարակից համայնքներում: Դրանք մեկնարկել են մասնակից խմբերի քայլերթերով և առանձին ելույթներով: «Վարք Հայոց» խումբը փառատոնի ընթացքում ներկայացրել է հայկական ավանդական երգ ու պարեր, տոների և ավանդական հարսանիքի բեմականացումներ:
Նշյալ միջազգային փառատոներին խմբի մասնակցությունը նշանավորվում է միջազգային մշակութային հարթակներում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման, ինչպես նաև խմբի ստեղծագործական գործունեության հետագա խթանման հանգամանքով: